2174 դիտում
22:48 04-12-2015
Երևանի քաղաքապետարանը արձագանքում է Անահիտ Բախշյանի հրապարակմանը
Ի պատասխան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի լրատվամիջոցներով տարածած «Երևանի քաղաքապետարանը կեղծում է իրականությունը» վերտառությամբ հրապարակման՝ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությունը տեղեկացնում է, որ հրապարակման մեջ ներկայացված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում և հարցը հրապարակման հեղինակի կողմից լիարժեք ընկալված չէ։ Հրապարակման մեջ, մասնավորապես նշված է, որ Նազարբեկյան փողոցի հ. 48 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն ընդգրկված է Երևան համայնքի հաշվեկշռում, ինչը Երևանի քաղաքապետարանը ներկայումս չի ընդունում:
Որպես պնդման հիմնավորում հղում է կատարվում ՀՀ կառավարության 05.08.1997թ հ.853 որոշմանը։ Սույնի հետ կապված հարկ ենք համարում նշել, որ տվյալ որոշումով իսկապես նախատեսվել է քննարկվող գույքը փոխանցել Աջափնյակ համայնքի հաշվեկշռին, ինչը սակայն տվյալ ժամանակահատվածում չի հասցվել ավարտին: Հետևաբար տվյալ շենքը, որպես Աջափնյակ համայնքի գույք, օրենքի ուժով չէր կարող փոխանցվել 2009 թվականին ձևավորված Երևան համայնքի հաշվեկշռին:
Ըստ այդմ, ինչպես 2008, այնպես էլ 2015 թվականներին Անշարժ գույքի կառավարման վարչության կողմից խնդրի հետ կապված քաղաքացիներին տրված գրությունների բովանդակությունը բխել է այս տրամաբանությունից և որևէ հակասություն առկա չէ։ Այն, որ տվյալ գույքը Երևան համայնքի հաշվեկշռում չէ, փաստվում է նաև ՀՀ կառավարության 2012 թվականի հ.1684-Ա որոշումով, համաձայն որի վերոնշյալ շենքի հ.հ 16, 45, 35, 37, 38, 36, 54 և 52 բնակարանները նվիրաբերվել են այնտեղ բնակվող քաղաքացիներին՝ պայմանով, որ վերջինները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին մասնակցություն ունենալ Նազարբեկյան փողոցի հ.48 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին։
Ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ կառավարությունը անհատույց կարող է փոխանցել միայն պետական սեփականություն հանդիսացող գույքը:
Ի դեպ, հիշեցնենք, որ բազմաբնակարան շենքի ընդհանուր սեփականութան և դրանց նկատմամբ կառավարման հարաբերությունները կարգավորվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով։ Ինչևէ, շենքում առաջացած կոյուղու խնդիրների լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանը գրությունով միջնորդել է «Երևան ջուր» ՓԲԸ-ին՝ հիմախնդրի լուծումը ներառել առաջիկա ներդրումային որևէ ծրագրում։
Ամփոփելով, ավելորդ չենք համարում նաև նշել, որ հրապարակումն ինքնին իր մեջ հակասություններ է պարունակում։ Նախ նյութի սկզբում հեղինակը պնդում է այն, որ Նազարբեկյան փողոցի հ.48 շենքը պետական սեփականություն չի հանդիսացել, մինչդեռ նույն հրապարակման վերջում այնուամենայնիվ փաստում է, որ 54 բնակարաններից 36-ը դատարանների որոշման հիման վրա սեփականաշնորհվել են՝ ստանալով վկայականներ, 15-ը՝ ՀՀ կառավարության որոշմամբ նվիրաբերվել են, իսկ 3-ը մնացել պետական սեփականություն։
Նմանատիպ նյութեր
4470 դիտում
16:39 12-08-2015
Երևանի քաղաքապետարանը արձագանքում է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»