211652_close_icon
views-count4337 դիտում article-date 10:09 10-01-2016

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է կենտրոնական հավաքակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 9-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զրուցելով նորակոչիկների ծնողների ու հարազատների հետ՝ Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ հայկական զինուժն ամեն օր գերազանց հանձնում է իր առջև դրված քննությունը, ինչն իհարկե բանակի ղեկավարության և հրամանատարության հետևողական աշխատանքի, հայ զինվորների բարեխիղճ ծառայության և հասարակության միակամ աջակցության արդյունքն է: Պաշտպանության նախարարը փաստել է, որ զորակոչ առ զորակոչ արվում է ամենայն հնարավորը՝ համապետական նշանակության այս կարևոր գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու, զորակոչի թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ: Հավաքակայանում պաշտպանության նախարարը զրուցել է նաև նորակոչիկների հետ, հետաքրքրվել ազգային բանակ զորակոչվող երիտասարդների մասնագիտական ու կրթական ունակություններով: Սեյրան Օհանյանը տղաներին հորդորել է գիտակցաբար մոտենալ զինվորական ծառայությանը, լսել հրամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց ցուցումները, քանի որ դա է հայրենյաց պաշտպանի մասնագիտությանը վարժ տիրապետելու և արժանապատվորեն ծառայելու գլխավոր բաղադրիչը: Հաշվի առնելով այս օրերի եղանակային անբարենանպաստ պայմանները՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ձեռնարկվել են բոլոր միջոցառումները՝ նորակոչիկների տեղափոխումը զորամասեր անվտանգ իրականացնելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր