3873 դիտում
22:56 19-04-2016
Ռուսաստանի հայերի միության նախագահը նամակ է ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի Մունին
Ապրիլի 19-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչները այցելեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ պաշտոնապես հանձնվեց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, UNESCO-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրահամյանի նամակը՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ:
Նամակում, մասնավորապես, ասված է.
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊԱՆ ԳԻ ՄՈՒՆԻՆ
Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար,
Դիմում եմ Ձեզ խոր մտահորգությամբ աշխարհի ամենավտանգված կետերից մեկում՝ Հարավային Կովկասում վերջին օրերին տեղի ունեցած աննախադեպ ռազմական ագրեսիայի առնչությամբ:
Վստահաբար, տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկիզբ է առել Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին, երբ Արցախի ժողովուրդը պահպանելով ԽՍՀՄ գործող օրենսդրությունը և միջազգային իրավունքի բոլոր նորմերը, 1991թ. կիրառեց ազգերի ինքնորոշման իրավունքը և հռչակեց իր անկախությունը:
Ի պատասխան լիովին օրինական և իրավաչափ այդ գործողությունների, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը բազմաթիվ զոհերի գնով կարողացան ապահովել տեղի բնակչության անվտանգությունը և հետ մղեցին ադրբեջանական ագրեսիան՝ ստեղծելով անվտանգության գոտի:
1994թ-ից գործում է հրադադարի ռեժիմը: Այն սահմանող փաստաթուղթը ստորագրված է երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Հակամարտության խաղաղ կարգավորման մանդատը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ավելի քան երկու տասնամյակ արդյունավետ իրականացնում է իր առաքելությունը կողմերին ներկայացնելով կարգավորման առաջարկներ: Դրանց զգալի մասը մերժվում է Ադրբեջանի կողմից, ով այս տարիների ընթացքում, սկսել է հանդես գալ խիստ ապակառուցողական դիրքերից, քննադատել ու վարկաբեկել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, ամենաբարձր պետական մակարդակով խոսել հակամարտության ռազմական լուծման մասին, զուգահեռաբար ձեռք բերելով մի քանի միլիարդ դոլարի նորագույն հարձակվողական զենք, սպառազինություն և ռազմական տեխնիկա: Ցավոք, միջազգային հանրությունը այս ամենին չտալով հասցեական գնահատականներ, իր «չեզոքությամբ» և կողմերին ուղղված պարիտետային հայտարարություններով անուղղակիորեն խրախուսել է Ադրբեջանին, դրդել կոնկրետ գործողությունների:
Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Ադրբեջանը ղարաբա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծեց մասշտաբային ռազմական գործողություններ` օգտագործելով համազարկային կայանքներ, զրահատեխնիկա, ավիացիա, հրետանի, հարվածելով ոչ միայն հայ դիրքապահների ուղղությամբ, այլեւ բնակավայրերի: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում, երեխաներ, կանայք ու տարեց մարդիկ: Լայնամասշտաբ գործողությունները շարունակվեցին չորս օր: Ադրբեջանը այդ ընթացքում ամբողջ ծավալով կիրառեց նորագույն զենքեր և ռազմական տեխնիկա, ծանր հրետանի և մարտական անօդաչու թռչող սարքեր:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարժեք գործողությունների շնորհիվ Ադրբեջանի ռազմական ագրեսիան հաջողվեց կանգնեցնել, խուսափել մարդասիրական աղետից և խաղաղ բնակչության բնաջնջումից:
Հարգարժան Գլխավոր քարտուղար,
Մենք մեծապես կարևորում ենք միջազգային հանրության, առանձնապես Միավորված ազգերի կազմակերպության հասցեական արձագանքը տեղի ունեցած ռազմական ագրեսիայի վերաբերյալ:
Միաժամանակ, մենք, միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության, 1970թ. Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի և Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերի, մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաև ադրբեջանական զինված ուժերի և զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հանդիսանում են ռազմական հանցագործություններ: Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլևս չմասնակցող կոմբատանտների և ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները և ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները և այլն:
Մենք հայտարարում ենք, որ իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև:
Ելնելով վերոգրյալից, մենք դիմում ենք Ձերդ գերազանցությանը ջանքեր գործադրել ՄԱԿ-ի միջազգային հեղինակավոր կառույցի կողմից Ադրբեջանին զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի վաճառքի իրավունքի վրա արգելանք կիրառելու խնդրանքով: Առանձնակիորեն, այդ արգելքը պետք է վերաբերի հարձակվողական և մասսայական խոցման զինատեսակներին:
Ձեր ջանքերը վստահաբար կծառայեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, կկասեցնեն հակամարտությունը ռազմական եղանակով լուծելու՝ Ադրբեջանի հանցավոր հավակնությունները:
[b]Խորին հարգանքով՝ Արա Աբրահամյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան[/b]
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
11:48 20-07-2021
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վերընտրվել է ՄՕԿ-ի Էթիկայի հանձնաժողովի ղեկավար
1220 դիտում
11:02 29-09-2014
ՄԱԿ-ը հերքել է, թե Կիմ Չեն Ինը Բան Կի Մունին հրավիրել է ԿԺԴՀ
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը