211652_close_icon

Հալեպում կա 15 հազարի կարգի սիրիահայ, ընդհանուր տարածքում` շուրջ 25 հազար. Սփյուռքի նախարար

views-count2737 դիտում article-date 19:48 27-05-2016
Սիրիայում, ընդհանուր առմամբ, կա 25 հազար սիրիահայ, որից՝ 15 հազարը` Հալեպում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ «Հալեպն է այսօր դժվարությունների մեջ և ներգաղթ Հալեպից ենք սպասում, որովհետև նրանք, ովքեր Հայաստանում հաստատվել են, իրենց հարազատների կեսը Հալեպում են, կգան, կմիանան իրենց հարազատներին: Երկու խնդիր ունենք. Մեկն այն է, որ բնակարանը արդեն կա, ամեն ինչ կարգին է, ուղղակի ընտանիքի թիվը կավելանա` այնտեղ մնացած անդամների գալով, իսկ մյուս խնդիրը այն է, որ կարող է նոր ապրող գա, որի բնակվարձի, ապրելու, կենցաղային իրերի ու այլ մնացած հարցերը մենք պետք է կարողանանք Երևանի քաղաքապետարանի ու մյուս կառույցների միջոցով լուծել: Սա է», -ասաց նախարարը։ «Հայաստանում հաստատված սիրիահայերի շրջանում, ըստ Հրանուշ Հակոբյանի, արտագաղթը շատ չէ, կան տեղաշարժեր՝ մեկը գնում է այլ երկիր` աշխատանքի բարելավման ակնկալիքով, մյուսը ձգտում է ավելի լավ պայմանների, երրորդը ուսման համար է գնում, ինչպես և ցանկացած հայ»: Սակայն, ըստ Սփյուռքի նախարարի, իրենց ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ նրանք, հիմնականում ուզում են հաստատվել Հայաստանում, ոչ թե հեռանալ։ «Այստեղ գալուց երկու տարի շարունակ մտածում էին, թե Սիրիայում հաղթանակն իրենցն է լինելու ու ուզում էին մեկնել այստեղից։ Բայց 2 տարի հետո հասկացան, որ ուզում են մնալ այստեղ, բայց  այդ ժամանակում նրանք իրենց գումարները ծախսել էին, դրա համար դժվարություններ եղան։ Եթե առաջին պահից նրանք սկսեին ինտեգրման գործընթացով զբաղվել, ավելի հեշտ կլիներ», -ասաց նախարարը` ավելացնելով, որ «ներգաղթ» հասկացությունը պարտադիր չի լինում, կամավոր է, ոչ թե 46-48 թթ: Իսկ ինչ անել Հայաստանը սիրիահայերի համար հրապուրիչ դարձնելու համար: Ի պատասխան` Հրանուշ Հակոբյանը մեջբերեց ՀՀ նախագաի փետրվարի 12 –ի ելույթը, իսկ իր կողմից ավելացրեց` կարծում եմ` ամեն մեկս պետք է մեր տեղում լինենք: Անդրադառնալով նախարարությունում օպտիմալացման թեմային` նախարար Հակոբյանն ասաց. «Մենք 6 մեքենա ունենք, 6-ն էլ նորմատիվով է, որոևէ ավելորդ բան չունենք»: Ավելին` Հրանուշ Հակոբյանն ասում է, որ իրենց աշխատակազմը բավականին փոքր է:

Նմանատիպ նյութեր