211652_close_icon
views-count4964 դիտում article-date 19:09 05-02-2017

Իրականացվել է կարողությունների և կարիքների գնահատում

Հայաստանը 2014 թվականից անդամակցում է ՄեդիՊԻԵՏ (MediPIET) ծրագրին, որը Եվրամիության և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների կողմից միջերկրական, սևծովյան և բալկանյան երկրների համաճարակաբանների համար իրականացվող մասնագիտական կարողությունների բարելավման կրթական ծրագիր է: Համաճարակաբանների գործնական պատրաստման ծրագրի կողմ դառնալու համար դեռևս անցյալ տարի ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել էր ՄեդիՊԻԵՏ-ին: Այդ նպատակով իրականացվել է կարողությունների և կարիքների բազմոլորտ գնահատում՝ եվրոպական գնահատման գործիքների կիրառմամբ: Արդյունքները քննարկել են ծրագրի ղեկավարները, որոնց հիման վրա որոշում է կայացվել փորձագետների խումբ գործուղել Հայաստան՝ տեղում ծանոթանալու և գնահատելու առկա կարողությունները: Հունվարի 30-31-ին Հայաստանում էր ՄեդիՊԻԵՏ-ի չորս փորձագետից կազմված թիմը (Հունաստանի, Իսպանիայի ներկայացուցիչները, ՄեդիՊԻԵՏ-ի ղեկավար կազմից երկու մասնագետ): Փորձագետների խումբը հանդիպել է ՄեդիՊԻԵՏ ազգային կոմիտեի հետ, որը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ գործող ՔԿՃՄ (CBRN) ազգային թիմի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ՄեդիՊԻԵՏ մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից սահմանված ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցներին: Հանդիպումների ընթացքում կազմակերպվել են քննարկումներ, լրացվել է գնահատման գործիք-հարցաշարը: Երկօրյա միջոցառման արդյունքում բարձր են գնահատվել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կարողությունները՝ փաստելով, որ եվրոպական չափանիշներին համապատասխան գործնական համաճարակաբաններ պատրաստելու տեսլականը կարող է իրականություն դառնալ: Ուստի, առաջիկայում հնարավորություն կստեղծվի Հայաստանում գործընկեր երկրների համաճարակաբանների համար իրականացնելու կրթական ծրագրեր:

Նմանատիպ նյութեր