7609 դիտում
21:38 11-02-2017
ԵՊՀ գրադարանի մասնաշենքում տեղի ունեցավ «Հովհաննես Ադամյան» սրահի բացման հանդիսավոր արարողությունը
Փետրվարի 9-ին ԵՊՀ գրադարանի մասնաշենքում տեղի ունեցավ «Հովհաննես Ադամյան» սրահի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայ անվանի ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող Հովհաննես Ադամյանի անունը կրող սրահը վերանորոգվել ու կահավորվել է «Ռոստելեկոմ» ընկերության կողմից: Նպատակն է ստեղծել մի միջավայր, որը կդառնա ոչ միայն միջոցառումների ու գիտաժողովների անցկացման հարմարավետ սրահ, այլև կոգեշնչի ուսանողներին մեծ գիտնականի գյուտով և ձեռքբերումներով:
1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Հովհաննես Ադամյանը պատրաստել և գործողության մեջ աշխարհում առաջին անգամ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։ Հովհաննես Ադամյանն այդ տարիներին դասախոսել է Հայաստանի Մայր բուհում և իր գործունեությամբ կերտել համալսարանի պատմության ոսկե էջերից մեկը:
Անվանի գիտնականի անունը կրող սրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Ռուբեն Մարկոսյանը և Արարատ Մալխասյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ, ինչպես նաև «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և այլ ներկայացուցիչներ:
«Համալսարանների և գործարար աշխարհի միջև համագործակցությունն ընդունված է ամբողջ աշխարհում: Մեր համագործակցության արդյունքը ոչ միայն այս գեղեցիկ սրահը կլինի, այլև կապ կստեղծվի ընկերության և մասնավորապես ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միջև, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև ընկերության մասնագետների դասախոսությունները, մասնակցելու տարբեր քննարկումների և հանդիպումների: Համագործակցությունը թույլ կտա աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստել»,- իր խոսքում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն էլ նշեց, որ ընկերության համար մեծ պատիվ է ավելի սերտացնելու համագործակցությունը Մայր բուհի հետ. «Բացի մեզ մոտ անցկացվող փորձնական ուսուցումից՝ ուսանողների համար այս սրահում նախատեսում ենք նաև իրականացնել գործնական պարապմունքներ, ծանոթացնել նորագույն տեխնոլոգիաներին և գործնական աշխարհին անհրաժեշտ մի շարք հմտությունների»:
Ե՛վ ԵՊՀ ռեկտորի, և՛ «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենի հավաստմամբ՝ համագործակցությունը շարունակական և երկարատև բնույթ է կրելու:
Նմանատիպ նյութեր
3496 դիտում
19:02 17-10-2018
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»