4023 դիտում
13:22 11-03-2017
Արցախում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը
Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում կայացել է «Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, գոհունակություն հայտնելով առաջին անգամ նմանատիպ օլիմպիադայի կազմակերպման համար, նշել է. «Դպրոցականները ևս մեկ անգամ հնարավորություն ստացան ցույց տալ իրենց գիտելիքներն Արցախի օրենսդրության իմացության ոլորտում: Հանձնաժողովը ստուգելով և վերլուծելով, գտել է, որ, իրոք, կան բավականին բարձր մակարդակի աշխատանքներ»:
Նախարար Ս.Ասրյանը, շնորհակալություն հայտնելով Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորմանը նախաձեռնության համար, հավաստիացրել է, որ օլիմպիադան կդարձնեն ավանդական, ինչպես դպրոցական առարկայական մյուս օլիմպիադաները:
Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանն իր հերթին միավորման, օլիմպիադայի կազմկոմիտեի և իր անունից շնորհակալություն հայտնեց նախարարին պատրաստակամության և բազմակողմանի աջակցության համար, ինչի արդյունքում հնարավոր եղավ կյանքի կոչել նման գաղափար:
Օլիմպիադան մասնակցել են թվով 55 աշակերտներ, 20-ը` Ստեփանակերտից, 35-ը` շրջկենտրոններից:
Ամփոփելով սպասելիքներն ու արդյունքները` Ա.Հարությունյանը նշել է. «Դեռ 10 օր առաջ, երբ անցկացնում էինք օլիմպիադան, կարծիք էինք հայտնել, որ Արցախի աշակերտները ոչ պակաս գրագետ ու ակտիվ են, քան մյուս երկրների աշակերտները: Հանձնաժողովը դրանում լիովին համոզվել է աշխատանքների ստուգման ու ամփոփման ժամանակ: Այնպիսի շարադրություններ են եղել, որոնք հիացմունքի տեղիք են տվել: Պատահական չէ, որ գովասանագրի և գրքի ենք արժանացրել լավագույն շարադրության հեղինակին»:
Ա.Հարությունյանը նշել է, որ օլիմպիադայի նպատակն է ոչ միայն ստուգել աշակերտների իրավական գիտելիքները, այդ ոլորտում նրանց գրագիտության աստիճանը, այլև սեր առաջացնել դեպի իրավական առարկաները, հատկապես դպրոցներում «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում ուսումնասիրվող «իրավագիտություն» բաժինը, և նրանց մոտ ձևավորել այնպիսի մակարդակ, որը թույլ կտա իրենց առօրյա կյանքը և ընդհանրապես գործունեությունը կազմակերպել ավելի գրագետ ձևով, խուսափել հակաիրավական, հակաօրինական գործողություններից և վարչական կամ քրեաական պատասխանատվության ենթարկվելուց:
1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած աշակերտներին տրվեցին օլիմպիադայի խորհրդանշով նվերներ և դրամական խրախուսումներ (համապատասխանաբար` 30, 20 և 15 հազարական դրամ) հովանավոր Կարեն Սարգսյանի կողմից, իսկ գովասանագրի արժանացած թվով 6 աշակերտներին` գովասանագիր և հայերեն-ռուսերեն, ռուսերեն-հայերեն բառարաններ:
1-ին մրցանակային տեղին արժանացել է Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Աշոտ Գաբրիելյանը, 2-րդին` Ստեփանակերտի Վ.Ջհանգիրյանի անվան հ.11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գուրգեն Առստամյանը, 3-րդին` նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արեն Խաչատրյանը:
Գովասանագրերի ու բառարանների են արժանացել հետևյալ աշակերտները.
ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ. հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Դավթյանը՝ որպես լավագույն շարադրության հեղինակ,
ցուցաբերած բարձր արդյունքների համար՝
Բերձորի Վ.Թեքեյանի անվան հ. 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Դանիելյանը,
Մարտակերտի Վ.Բալայանի անվան հ. 1 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Օհանյանը,
Մարտունու Ն.Ստեփանյանի անվան հ. 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Միրզաջանյանը,
Շուշիի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ֆլորա Համբարձումյանը,
Քարվաճառի Վ.Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Ասրյանը:
Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման անդամ, ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Շուշան Ասկարյանը նշել է, որ օլիմպիադան անցկացվել է միասնական հարցաշարով` բաղկացած 24 ստուգողական հարցերից ու իրավական թեմայով շարադրություն գրելու առաջադրանքից: Հարցաշարի լրացման համար նախատեսված էր 90 րոպե: Շարադրության համար առաջարկվող թեմաները հետևյալն էին. «Իմ երազանքի ժողովրդավարական ու իրավական Արցախի Հանրապետությունը», «Իրավագիտության դասավանդման կարևորությունն ու խնդիրները դպրոցում», «Օրինական քաղաքացու կերպարն իմ ընկալումներում»:
«Նմանատիպ միջոցառումների ընթացքում մենք ոչ միայն բացահայտում ենք լավագույններին, այլ ցույց ենք տալիս մեր հասարակությանը և ժողովրդին, որ մեր շարքերում կան արժանավոր երեխաներ, որոնց կարելի է վստահել մեր երկրի ապագան: Մենք հույս ունենք, որ հենց ձեր շարքերից կլինեն այն մեդալակիրները, ովքեր մեր երկրին պարգևներ կբերեն միջազգային օլիմպիադաներից»,- նշել է Շուշան Ասկարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1173 դիտում
22:38 17-04-2015
Տեղի կունենա Թեքեյանական 5-րդ օլիմպիադայի հաղթողների մրցանակաբաշխությունը
Այս բաժնից
319 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7249 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
1273 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի