6142 դիտում
15:20 12-03-2017
Մեր ողջ ազգի ապագան այսօր որոշվում է Արցախի սահմանային գծում ու մենք Արցախի հարցում շատ վճռական ենք. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ միասին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում շարունակել է այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ: Կարեն Կարապետյանն Ագարակ, Մեղրի, Քաջարան և Կապան համայնքների ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական կառավարման համակարգի բարեփոխման, տարածքային ու համայնքային համաչափ զարգացման վերաբերյալ:
«Մեր թիմում ձեզնից յուրաքանչյուրը կարող է տեսնել իրեն և իր տեսակին, մենք բավականին բազմաշերտ ենք և ներկայացնում ենք հանրության բոլոր շերտերը: Ունենք կառավարման մեծ փորձ և դրական, և բացասական, որի հիման վրա սովորել ենք, հասկացել և ամեն ինչ անելու ենք, որպեսզի հերթական անգամ թակարդը չընկնենք: Մենք հայտարարել ենք, որ կա անհրաժեշտություն, հրամաական փոխվելու և փոխելու: Կարծում եմ, տեսել եք որոշակի քայլեր. մեր թիմը համալրվել է նոր, բանիմաց, երիտասարդ, հայրենասեր թիմակիցներով, ովքեր ունեն ուժ ու եռանդ՝ մեր երկրի համար լավ նախաձեռնություններ իրականացնելու համար: Կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչուր քաղաքացի Արցախի հարցում վստահ է՝ մենք երբևէ թույլ չենք տա, որպեսզի մեր արժանապատվությունը ոտնահարվի: Մեր ողջ ազգի ապագան այսօր որոշվում է Արցախի սահմանային գծում ու մենք Արցախի հարցում շատ վճռական ենք և հետևողական»,- նշել է Կարեն Կարապետյանը:
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն ընգդծել է, որ կուսակցության ներկայացրած տնտեսական զարգացման ծրագում հստակ ախտորոշվել են բոլոր ոլորտների խնդիրները, հիվանդությունները, թերի կետերն ու նեղ տեղերը, ինչպես նաև այն տեսլականը, թե բոլոր ոլորտներում ինչպես պետք է շարժվենք առաջ: ՀՀ վարչապետի խոսքով, հիմնական խնդիրը և թույլ կետն արդյունավետությունն է, ինչը պետք է բարձրացնել բոլոր բնագավառներում:
Անդրադառնալով ներդրումային ծրագրերի ծավալներին՝ վարչապետը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում նախատեսվում են 55 մլն դոլարի ծրագրեր՝ տարբեր ոլորտներում: Բանակցություններ են տարվում Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ: «Մենք ժողովրդական խոսքով ասած՝ լավ թափ ենք հավաքել, ու եթե դուք չկանգնեցնեք այդ թափը, այսպես էլ գնալու ենք առաջ: Սյունիքում տեսնում ենք զարգացման երեք շարժիչ ոլորտ՝ հանքարդյունաբերությունը, անասնապահությունը և գյուղատնտեսությունը: Վստահ եմ, որ Սյունիքում կստեղծենք մի միջավայր, որտեղ արտադրողների համար շուկայի հետ կապված խնդիրները նվազագույնը կլինեն: Միաժամանակ, մենք պետք է օգտագործենք այն, որ Սյունիքի մարզը հարևան է բարեկամ Իրանի հետ: Այս պահին վերջնական բանակացություններ ենք վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ԱՏԳ-ի մեկնարկը կհայտարարենք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի գործընկերներին առաջարկել է օգտագործել Մեղրու հարթակ, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան: Գործադիրի ղեկավարը նշել է, որ իրանական կողմի հետ բանակցություններ են տարվում ԱՏԳ-ում հատուկ ընկերություն ստեղծելու շուրջ, որը զբաղվելու է մեծածավալ արտահանմամբ:
«Մենք ունենք հստակ պատկերացումներ, թե ինչ պոտենցիալ ունենք հարևան երկրներում: Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը չափազանց ցածր է, այսօր այն կազմում է 50-75 մլն դոլար՝ առանց էներգետիկ ոլորտի: Այս ուղղությամբ ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, և ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- ընդգծել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:
Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ առողջապահության ոլորտում նախատեսում են մեծածավալ բարեփոխումներ, քանի որ այնտեղ կան մեծ խնդիրներ, այդ թվում՝ նաև պետության միջամտության հաշվին: «Մենք ունենք դիսբալանսներ, չհավասարակշռված ծառայությունների առաջարկ տարածաշրջաններում: Պետական սուբսիդավորման համակարգը սկզբունքորեն պետք է փոխենք, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ինքն ընտրի՝ որտեղ և ինչ ծառայություն է ուզում ստանալ, այլ ոչ թե պարտադրենք գնալ կոնկրետ կլինիկա: Բացի դրանից, պետք է քաղաքացուն հնարավորույուն տանք օգտվել ծառայությունների ողջ ցանցից, պետք է ծառայության որակը սկզբունքորեն բարձրացնենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ մարզերի բոևժհիմնարկների կառավարման հետ կապված Առողջապահության նախարարն ունի հանձնարարական, ներգրավվելու են նոր կառավարիչներ, որոնք ներդրում կանեն, որակը կբարձրացնեն:
«Մենք ռեգիոնալ կառավարման նոր մշակույթ, նոր համակարգ ենք ներդնում՝ եռաստիճան կառավարում՝ համայնքներ, մարզպետարաններ և կառավարություն, որտեղ հստակ ֆիքսում ենք յուրաքանչյուրի անելիքները: Բոլոր համայնքները պետք է զարգացման հնգամյա ծրագիր կազմեն: Չափազանց կարևոր փաստաթուղթ է և գործողություն: Հենց մենք այդ ծրագրերն ունենանք, յուրաքանչյուր համայնքապետ ուզած-չուզած պետք է իր մեկնարկային վիճակը ներկայացնի՝ զբաղվածություն, գործազրկություն, միջին աշխատավարձ, սեփական եկամուտներ, ծառայությունների արժեք և այլն: Չափազանց կարևոր է, որպեսզի դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, ունենաք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ձեր շահերը պաշտպանելու մեջ: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու չեմպիոն համայնքներին», - ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետությունն ամեն ինչով կաջակցի այն համայնքին, որն իր վրա բեռ կվերցնի:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է կրթական համակարգի բարեփոխումների ծրագրին՝ ներկայացնելով առաջնահերթություններն այս ոլորտում. «Պետք է կտրուկ փոփոխություններ անենք մեր կրթական համակարգում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական համայնքներին, փոքր համայնքներին: Մեր բազմաթիվ տաղանդավոր մարդկանց մեծ մասը դուրս են եկել այս համայնքներից, և եթե մենք կրթական ոլորտն այս համայնքներում չենք կարողանում ուղղել, բերել ժամանակակից մակարդակի, մենք ուղղակի վատ խաղ ենք խաղում մեր վաղվա օրվա հետ: Մենք կարող ենք կայուն լինել, ցնցումներ չունենալ և որակապես մեր կյանքը փոխել»,- ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:
Կարեն Կարապետյանի խոսքով՝ ՀՀԿ նախընտրական ծրագրում պոպոլուլիստական որևէ կետ չի ներառվել, չեն փորձել արհեստական ականջ շոյել, նշել են այն, ինչը կարող են իրականացնել: «Մենք վստահ ենք, որ ինչ հայտարարելու ենք՝ կյանքի ենք կոչելու: Այդ վճռականությունն ունենք: Ի՞նչ եմ ցանկանում խնդրել ձեզ, սիրելի ժողովուրդ, նախ և առաջ եղեք լավատես ու հանդուրժող մեկդ մյուսի նկատմամբ, և անհանդուրժող՝ բոլոր այն խնդիրների ու անարդարություննորի հանդեպ, որոնք ցավոք մեր կյանքում կան: Մենք բոլորս ունենք որոշակի հիասթափություններ, նեղվածություն, պետք է դրանցից վեր կանգնել, որովհետև այդ հատկություններով ու հայտանիշերով առաջ գնալը բավականին դժվար է: Խնդրում եմ՝ ապրիլի 2-ին մասնակցել ընտրություններին և ընտրել այն ուժին, ում ծրագիրը կարող եք ձեր միջով անցկացնել, հասկանալ՝ իրատեսակա՞ն է, հավատո՞ւմ եք, թե՝ ոչ: Եվ եթե ապրիլի 2-ին դուք որոշեք քվե տալ մեր թիմին, ապա ինչ ներկայացված է մեր ծրագրում, տեր ենք կանգնելու, որ այն կիրագործենք»,- ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:
ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այցելելով Կապան՝ առաջին հերթին եղել է Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, այնտեղ հանդիպել երիտասարդ սյունեցիներին: «Կարծում եմ, որ Գարեգին Նժդեհի իմաստնությունն ու խորհուրդն է մեր բազմաթիվ խնդիրների լուծումը: ՀՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը բացի նախընտրական ծրագրից՝ ձեզ է ներկայանում գաղափարախոսությամբ: Գալով այստեղ՝ հանդիպել եմ մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ և առիթ ունեցել մտքեր փոխանակել: Նա ինձ ասաց, որ այնպիսի ոգի, ինչպիսին կա Սյունիքում, քիչ տեղ կա հայկական աշխարհում: Կարծում եմ, որ դա արտացոլվել է և արցախյան հերոսամարտին, և այն դրսևորմամբ, որը մենք տեսանք նախորդ տարվա ապրիլին: Ցանկանում եմ վստահ լինեք՝ մեր զինված ուժերը ՀՀԿ-ի ուշադրության առանցքում և կենտրոնում են: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր առաջընթացը հնարավոր է միմիայն ամուր անվտանգությամբ»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը:
ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Արփինե Հովհաննսյանն ընդգծել է, որ ՀՀԿ թիմը գիտի, թե ինչպես է լուծելու առկա խնդիրները: «Մենք գիտենք, թե քայլ առ քայլ, հաջորադաբար ինչպես ենք խնդիրները լուծելու: Վստահություն ու համոզմունք ունեմ, որ ցանկացած ոլորտում հաջողության գրավականը սեփական ձեռքբերումները գնահատելն ու բացթողումներից դասեր քաղելն է, իսկ մենք ունեցել ենք և ձեռքբերումներ, և բացթողումներ: Մենք կարծում ենք, որ մարզերում կյանքի որակը որևէ բանով չպետք է զիջի մայրաքաղաքի կյանքի որակին և այդ ուղղությամբ իրականացնելու ենք հստակ քայլեր»:
Նմանատիպ նյութեր
3774 դիտում
11:13 16-03-2017
Արցախում որոշվում է մեր արժանապատվությունը, ինքնասիրությունը և մեր ազգի վաղվա օրը. Կարեն Կարապետյան
2758 դիտում
11:41 09-05-2017
Արցախն այն սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը. ՀՀ վարչապետ
6215 դիտում
22:18 12-04-2017
Վճռական ենք ու վստահ, որ հասնելու ենք մեր նպատակին. վարչապետ Կարեն Կարապետյան
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»