49902 դիտում
22:40 26-08-2017
Արմավիրի մարզում 36-ամյա վարորդը Chariot-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Արտակ Համբարձումյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում իր վարած Chariot մակնիշի 35 AP 620 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ցավոք, վրաերթի ենթարկվածը, ով միջին տարիքի տղամարդ էր, գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի, քննիչ Վարդան Մազյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահան Մաթևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննիչ Վ. Մազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի տեսուչներ Արմեն Ստեփանյանն ու Արտակ Հակոբյանը վարորդին և Chariot-ը, ինչպես նաև վրաերթի ենթարկվածի ГАЗель մակնիշի ավտոմեքենան տեղափոխում են Ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը ГАЗель-ը կանգնեցրել է ճանապարհի թույլատրելի հատվածում, անցել է հանդիպակաց գոտի՝ ջուր խմելու, այնուհետև վերադարձել է դեպի իր ավտոմեքենան և տեղի է ունեցել վրաերթը:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+