211652_close_icon
views-count5953 դիտում article-date 20:37 17-11-2017

Է. Նալբանդյանը և Բրազիլիայի ԱԳ նախարարը ստորագրել են առևտրային և ներդրումային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ այս այցելությունը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում, որը լավ առիթ է միջպետական հարաբերությունների քառորդդարյա պատմությունը գնահատելու և երկկողմ համագործակցության առավել խորացմանը միտված ծրագրեր քննարկելու ու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալոիզիո Նունյես Ֆեռեյրան նշեց, որ հայերը և բրազիլացիները պատմականորեն ունեն մարդկային և մշակութային ամուր կապերի վրա հիմնված փոխհարաբերություններ՝ հավելելով, որ Բրազիլիան պատրաստակամ է ամրապնդելու երկկողմ հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում: Հանդիպման ընթացքում նախարարները կարևորեցին հաստատված արդյունավետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Քննարկվեց 2016թ. օգոստոսին Նախագահ Սարգսյանի՝ Բրազիլիա կատարած այցի ժամանակ նախագահ Տիմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Զրուցակիցներն անդրադարձան հայ-բրազիլական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին միջազգային ատյաններում փոխգործակցության առավել սերտացման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ: Հանգամանալից քննարկում տեղի ունեցավ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գիտակակրթական և մշակութային բնագավառներում շփումների, ամրապնդման վերաբերյալ: Նախարարներն արձանագրեցին, որ միջխորհրդարանական ձևաչափով ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն: Երկուստեք կարևորվեց ապակենտրոնացված համագործակցության զարգացումը, Երևանի և Սան Պաուլոյի միջև հնարավոր փոխգործակցության հաստատումը: Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ աշխարհագրական հեռավորությունը կորցնում է խոչընդոտող գործոնի դերը՝ այդ առումով կարևորելով երկու տարի առաջ Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը, որը նոր և առավել լայն հնարավորություններ է բացում երկու երկրների ժողովուրդների միջև փոխայցելությունների աշխուժացման, կապերի ամրապնդման համար: Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը, խոսելով երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում բրազիլահայ համայնքի ունեցած կարևոր դերակատարության մասին, նշեց նաև, որ Բրազիլիայի հայկական համայնքը նշանակալից ներդրում ունի երկրի հասարակական կյանքի տարբեր ասպարեզների զարգացման գործում: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջային մի շարք հրատապ խնդիրների։ Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ կարևորելով անկողմնակալ և հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի առնչությամբ և միջնորդ երկրների առաջարկությունների սատարումը: Բրազիլիայի արտգործնախարաը վերահաստատեց իր երկրի աջակցությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը։ Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Ալոիզիո Նունյես Ֆեռեյրան ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առևտրային և ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր