Forbes-ը կինոռեժիսոր Ջորջ Լուկասին ճանաչել է ամերիկյան հայտնիներից ամենահարուստը
Ամերիկյան կինոռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Լուկասը ճանաչվել է ամերիկյան հայտնի դեմքերից ամենահարուստը՝ ըստ Forbes ամսագրի։ Նրա կարողությունը 2017 թվականին գնահատվել է 5.5 մլրդ դոլար։
Առաջին հորիզոնականը նրան ապահովել է Disney-ի հետ գործարքը, ինչի արդյունքում ընկերությունը գնել է LucasFilm ստուդիան և «Աստղային պատերազմներ»-ի իրավունքը՝ 4 մլրդ դոլարով։
Երկրորդ հորիզոնականում կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է՝ 3.6 մլրդ դոլարով։ Նա 2016 թ-ին վաճառել է իր DreamWorks Animation ստուդիան NBCUniversal ընկերությանը՝ 3.8 մլրդ դոլարի դիմաց։
Երրորդում հայտնվել է հեռուստահաղոդավարուհի Օփրա Ուինֆրին՝ 2,8 մլրդ դոլարով։
Չորրորդ հորիզոնականում բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն է՝ 1.4 մլրդ դոլարով, իսկ հինգերորդում՝ աճպարար Դևիդ Քոփերֆիլդը՝ 875 մլն դոլար կարողությամբ։