Կալիֆորնիայում հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ փակցնելու առնչությամբ ամերիկացի կոնգրեսականները ՀԴԲ-ից հետաքննություն են պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կալիֆոռնիայի հարավում գտնվող հայկական մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին:
Հունվարի 29-ի գիշերը դպրոցների դարպասներին, ինչպես նաև կրթական հաստատության տարածքում փակցվել են թուրքական պետության դրոշներ:
«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է Շիֆը:
Կոնգրեսականը հավելել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում: Ադամ Շիֆը հույս է հայտնել, որ իշխանություններին կհաջողվի պարզել կասկածյալների ինքնությունն ու կանխել հետագայում նմանատիպ միջադեպերը:
Խնդրին անդրադարձել է նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը: Նա դիմել էՀետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ է արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին:
Այդ կապակցությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականներ Շիֆին ու Շերմանին՝ միանալով պատշաճ հետաքննություն անցկացնելու կոչին:
Նշվում է, որ թուրքական դրոշները փակցվել են «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի, ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի, ինչպես նաև մի քանի հայկական եկեղեցիների վրա: