211652_close_icon
views-count1736 դիտում article-date 20:36 31-01-2019

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին եւ աշխարհաքաղաքական գիտությունների դոկտոր Ֆրեդերիկ Էնսելին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ խորհրդարանական համագործակցությունը միջազգային փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ կլինի ավելի պարբերական եւ արդյունավետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ աշխարհաքաղաքական մի շարք իրադարձությունների: Մասնավորապես, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է: Նա կարեւորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթացի միջոցով՝ Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի համատեքստում: Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտի առկայությունը, անթույլատրելի համարել պետական մակարդակում ատելության խոսքի կիրառումը՝ որպես սպառնալիք հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական գործընթացին: Կողմերն անդրադարձել են նաեւ հետհեղափոխական շրջանում Հայաստանի որդեգրած բարեփոխումների քաղաքականությանը: Այս համատեքստում կարեւորվել է արդար ընտրությունների անցկացումը՝ որպես ժողովրդավարության ուղղությամբ ձեռնարկված կարեւոր քայլ: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է տնտեսական հեղափոխության, ժողովրդավարական, դատական բարեփոխումների իրականացման հարցում: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին. կարեւորվել է միջազգային ասպարեզում Հայաստանի՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում կարեւոր դերակատարությունը: Քննարկվել են նաեւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ նշել է, որ հանձնաժողովը հանձնառու է լինել խորհրդարանական դիվանագիտության համակարգող օղակ: Կողմերը կարեւորել են նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների միջեւ առավել սերտ հարաբերությունների խթանումը, ինչպես նաեւ համագործակցությունը միջազգային կառույցներում:

Նմանատիպ նյութեր