211652_close_icon
views-count3497 դիտում article-date 23:38 25-03-2019

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակներում «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ հանդես է եկել մալթացի հանրահայտ ջութակահար, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ հանդես եկավ մալթացի հանրահայտ ջութակահար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համակոնցերտմայստեր, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը։ Դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ համերգային ծրագրում հնչեցին Անտոնիո Վիվալդիի Կոնցերտը՝ գրված լարայինների և բասսո կոնտինուոյի համար և Տարվա եղանակները՝ գրված ջութակի, լարայինների և բասսո կոնտինուոյի համար։ Ռեջի Քլյուզը Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատանքի շրջանակներում համագործակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ Ջութակահարը նկատում է, որ Սմբատյանը շատ աշխատասեր դիրիժոր է։ «Շատ մեծ երկացանկ ունի։ Մեծ հաճույք եմ ստանում նրա հետ աշխատելիս։ Մի քանի համերգային շրջագայություններ եմ ունեցել Սերգեյ Սմբատյանի հետ։ Շրջագայությունները մարտահրավեր են, քանի որ տարբեր համերգային դահլիճներում ես հանդես գալիս, տարբեր լսարանների առջև, և դա ինքնատիպ մի թեստ է դիրիժորի ու երաժիշտների համար։ Սերգեյ Սմբատյանը ցույց է տվել, որ նա պատրաստ է այդ մարտահրավերներին»,- ասում է ջութակահարը։ Ռեջի Քլյուզը ողջունում է Մալթայի երաժշտության օրերը Հայաստանում անցկացնելու գաղափարը։ Կարծում է, որ նման ծրագրեր ավելի հաճախ պետք է իրականացվեն։ Ջութակահարը նշում է, որ այս նախաձեռնության հեղինակ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը մեծ աշխատանք է կատարում՝ աջակցելով բազմաթիվ մշակութային ծրագրերի ոչ միայն Մալթայում, Հայաստանում, այլև եվրոպական տարբեր երկրներում։ Դիրիժոր Արամ Թալալյանը, անդրադառնալով «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրին, նկատում է, որ շատ լավ հնարավորություն է ստեղծվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից, որպեսզի մարդիկ կարողանան ավելի լավ ճանաչել միմյանց մշակույթները։ «Շնորհակալ ենք, որ այսպիսի գեղեցիկ նախաձեռնություն է ներկայացվում մեր հանդիսատեսին։ Ես հասկանում եմ, որ սա երկար ամիսների կազմակերպչական աշխատանքի արդյունք է։ Շատ հետաքրքիր երաժիշտներ են ժամանել Հայաստան։ Ուրախ եմ նաև, որ մեր երաժիշտները հնարավորություն ունեն շփվելու ջութակահար Ռեջի Քլյուզի հետ, շատ բաներ սովորելու նրանից և իհարկե՝ ներկայացնելու նաև իրենց արվեստը»,- ասում է Արամ Թալալյանը։ Հավելենք, որ Հայաստանում Մալթայի երաժշտության օրերն անցկացվեցին մարտի 19-22-ը, որոնց ընթացքում Մալթայից ժամանած հանրահայտ երաժիշտները ներկայացրին իրենց կատարողական վարպետությունը։ [b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր