211652_close_icon
views-count2135 դիտում article-date 11:32 26-04-2019

Կաթնամթերքի արտադրության շուկան պետության աջակցության կարիքն ունի. պետնախարարն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 25-ին գյուղատնտեսության նախարարությունում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Կաթի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, որը մանրամասն ներկայացրել է հանրապետությունում արտադրվող կաթի ծավալների, դրանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմների, ինչպես նաև մթերման և սպառման վերաբերյալ համապարփակ տեղեկություններ: Նախարարի խոսքով՝ օրակարգային հիմնական խնդիրը շարունակում է մնալ իրացման հարցը, որի կարգավորումը պահանջում է նաև օրենսդրական և ենթաօրենսդրական լուծումներ: Այնուհետև Գ. Մարտիրոսյանը կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև շրջանների ղեկավարներից հետաքրքրվել է ոլորտում առկա հիմնական խնդիրների մասին: «Անասնապահության զարգացումը և դրանից բխող կաթի արտադրության և վերամշակման ճյուղը զարգացման մեծ հեռանկարներ ունի մեր հանրապետությունում, որը պետական լուրջ աջակցություն է պահանջում: Այդ իսկ պատճառով կցանկանայի լսել ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերյալ ձեր առաջարկները, որոնք կառավարության կողմից առավել մեծ ուշադրություն են պահանջում», - ասել է Գ.Մարտիրոսյանը: Խորհրդակցությանը ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը, նշելով, որ կաթի արտադրման և մթերման շուկան մշտապես ենթարկվում է մանրէաբանական և փորձագիտական լաբորատոր ստուգումների, որից հետո միայն թույլատրվում են դրանց իրացումն ու վաճառքը: Ամփոփելով մասնակիցների զեկույցները՝ պետական նախարարը առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ պետք է աշխատանքներ տանեն շահագրգիռ բոլոր սուբյեկտները: Դրանք մասնավորապես կապված են կաթի ինքնարժեքի նվազեցման քաղաքականության հետ, որը անմիջականորեն անդրադառնալու է վերամշակող ընկերությունների արտադրանքի վրա, ինչպես նաև որակի և սպառողական շուկայի վաճառքի նկատմամբ վերահսկողության խիստ բարձրացման հետ: Խորհրդակցության ավարտին՝ պետական նախարարը գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է կազմել գործողությունների պլան, որտեղ ամփոփված կլինեն այն բոլոր խնդիրներն ու առաջարկները, որոնք արծարծվել են հանդիպման ընթացքում: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»- ի տնօրեն Տիգրան Ծատրյանը:

Նմանատիպ նյութեր