211652_close_icon
views-count1889 դիտում article-date 12:37 07-06-2019

Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդյե Շնորկը Խաչատրյանի մրցույթն անվանել է մեծագույն ձեռքբերում

Հունիսի 6-ին մեկնարկեց Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ կատարելով Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգային ծրագրում հնչեց նաև Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Գեորգս Պելեցիսի դաշնամուրային տրիոյի և նվագախմբի համար գրված Բագատելը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ։ Այս ստեղծագործությունը հնչում էր առաջին անգամ։ Հեղինակը՝ Գեորգս Պելեցիսը, Արամ Խաչատրյանի աշակերտն է, և նա իր վերոնշյալ ստեղծագործությունը գրել է հատուկ այս իրադարձության համար՝ նվիրելով այն Խաչատրյանի տրիոյին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ ունեցավ խաչատրյանական մրցույթի ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը՝ ողջունելով և բարի երթ մաղթելով մրցույթի բոլոր մասնակիցներին։ «15 տարի Երևանում նման միջազգային մրցանակաբաշխություն իրականացնելը մեծ ձեռքբերում է։ Ոչ բոլոր մրցանակաբաշխություններն են նման պատմություն կերտում։ Խաչատրյանի մրցույթը տարեցտարի զարգանում է, ամրապնդում իր հեղինակությունը»,- ասաց Վահագն Պապյանը։ Երաժշտական այս իրադարձությանն իր ողջույնի խոսքն էր հղել Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդյե Շնորկը՝ անվանելով Խաչատրյանի մրցույթը մեծագույն ձեռքբերում։ Մրցույթին իր բարեմաղթանքն է ուղղել նաև Արամ Խաչատրյանի որդին՝ արվեստագետ Կարեն Խաչատրյանը։ «Հոբելյանական մրցույթն այս տարի բացահայտելու է տաղանդավոր դաշնակահարների։ 2003 թվականին տեղի ունեցած առաջին մրցույթը նույնպես նվիրված էր դաշնակահարներին։ Ես շատ լավ եմ հիշում այդ օրերը և երբեք չեմ մոռանում։ Հուսով եմ՝ այս տարի նույնպես դաշնակահարների մրցույթը կընթանա բարձր մակարդակով, և հաղթողի պատվավոր կոչմանը կարժանանան իսկապես տաղանդավոր երիտասարդներ։ Մասնակիցներին մաղթում եմ հավատ իրենց ուժերի նկատմամբ, իսկ մրցույթի ժյուրիին՝ արդյունավետ աշխատանք»,- գրել է Կարեն Խաչատրյանը։ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր