Ռուսաստանը մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չի պարտավորեցնի երկրից դուրս գալ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, մինչև հունիսի 15-ը օտարերկրացիները չեն պարտավորեցվի լքել ՌԴ տարածքը։
Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Կրեմլի լրատվական ծառայությանը:
«Սահմանել, որ 2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չի կիրառվում նրանց երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները»,-ասված է փաստաթղթում։
Դրանից բացի, մինչ հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ: