211652_close_icon
views-count604 դիտում article-date 15:59 19-06-2020

ԲԴԽ-ն դիմել է դատարանների նախագահներին. Պահպանեք աշխատանքային կարգապահությունը եւ ամեն ամիս տեղեկացրեք մեզ

Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին, նաեւ դատավորներին եւ դատարանների աշխատակիցներին ուղղված հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է. «Հարգելի գործընկերներ, Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը լիազորությունների ստանձնման պահից առայսօր ձեռնամուխ է եղել Դատական իշխանության համակարգում առկա խնդիրների գույքագրման աշխատանքներին, որի ընթացքում, ի թիվս այլ ուսումնասիրությունների, կատարվել եւ հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման Հայեցակարգը եւ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության տարեկան Հաղորդումը: Հիշյալ փաստաթղթերում, ի թիվս Դատական իշխանության համակարգում առկա մի շարք այլ խնդիրների, մանրամասնությամբ ուսումնասիրության է ենթարկվել դատարաններում ձեւավորված ծանրաբեռնվածության հիմնախնդիրը եւ դրա հիմքում ընկած հանգամանքները: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ձեւակերպվել է Բարձրագույն դատական խորհրդի տեսլականը՝ դատարաններում առկա ծանրաբեռնվածության խնդրի հաղթահարման եւ կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաեւ մատնանշվել են առաջնահերթության կարգով ձեռնարկման ենթակա գործողությունների ռազմավարական ուղղությունները: Դրանից բացի, հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի եւ Արդարադատության նախարարության միջեւ առկա արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ այդ թվում վերը նշված ուսումնասիրությունների արդյունքում ձեւակերպված անհրաժեշտ գործողություններն ընդգրկել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման մեջ: Ներկայումս միջոցներ են ձեռնարկված նաեւ էլեկտրոնային արդարադատության համակարգի ամբողջական ներդրման գաղափարի իրականացման հարցում: Ընդամենը վերջերս՝ 14.05.2020թ., Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-27-Ո-59 որոշմամբ, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում փորձնական եղանակով ներդրվել է էլեկտրոնային կարգով ստացված վճարման կարգադրությունների՝ Ծրագրի միջոցով բաշխման գործընթացը: Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է այսօր ՀՀ դատարաններում առկա ծանրաբեռնվածության փաստը, եւ իր լիազորությունների շրջանակներում առկա ծանրաբեռնվածության հաղթահարման եւ կանխարգելման համար ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում դիտարկելով՝ օրենսդրության կատարելագործման, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման, դատավորների թվաքանակի ավելացման, դատավորների տարեկան պարտադիր վերապատրաստման ծրագրերի արդյունավետության, դատավորների կողմից ժամանակի արդյունավետ կառավարման եւ այլ գործոնների հնարավոր ազդեցությունը՝ դատարանների ծանրաբեռնվածության թոթափման գործընթացում: Վերոգրյալի լույսի ներքո՝ Բարձրագույն դատական խորհուրդը կարեւորում է նաեւ դատարաններում աշխատանքային կարգապահության պահանջը խստիվ պահպանելու անհրաժեշտությունը եւ գտնում է, որ դատարանների ծանրաբեռնվածության հաղթահարման գործընթացում ուսումնասիրության արժանի հարց է նաեւ հիշյալ պահանջի պահպանման պրակտիկան եւ դրա ազդեցության չափը՝ դատարանների ներկայիս ծանրաբեռնվածության վրա: Հիմք ընդունելով վերոգրյալը եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումները, ինչպես նաեւ հաշվի առնելով դատարանները ծանրաբեռնվածությունից օր առաջ բեռնաթափելու կարեւորությունը եւ անհրաժեշտությունը, դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու եւ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու հարցում Բարձրագույն դատական խորհրդին դատարանների նախագահների օժանդակելու պատրաստակամությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին հորդորում է. 1) սույն հայտարարության հրապարակման պահից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ գլխի իրավակարգավորումներով դատարանների նախագահներին տրված գործիքակազմով ակտիվորեն ձեռնարկել միջոցներ դատավորների եւ դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահությունը խստիվ պահպանելու ուղղությամբ (այդ թվում՝ ժամանակին աշխատավայր ներկայանալու եւ աշխատավայրից հեռանալու առումով), 2) դատավորների եւ դատարանների աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման վերաբերյալ տեղեկատվությունը եւ դրա վերաբերյալ դատարանի նախագահի դիրքորոշումը, յուրաքանչյուր ամսվա կտրվածքով, տրամադրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դրանք ուսումնասիրելու, ըստ անհրաժեշտության քննարկումներ կազմակերպելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»:

Նմանատիպ նյութեր