Մինչև 2023թ. պետք է հրաժարվել սննդի արտադրությունում տրանսճարպերի կիրառումից. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է մինչև 2023 թվականը սննդամթերքի արտադրության մեջ լիովին հրաժարվել տրանսճարպերի օգտագործումից։ Այդ մասին [url=https://www.who.int/news-room/detail/09-09-2020-more-than-3-billion-people-protected-from-harmful-trans-fat-in-their-food]հայտարարել է[/url] կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Ղեբրեյեսուսը։
«Մինչ 2023 թվականը տրանսճարպերի վերացման մեր նպատակը չպետք է հետաձգվի։ Հիմա, երբ ամբողջ աշխարհը պայքարում է COVID-19 հիվանդության համաճարակի դեմ, մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք մարդկանց առողջությունը պաշտպանելու համար»,- նշել է նա։
ԱՀԿ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «ըստ գնահատականների՝ տրանսճարպերի սպառումը տարեկան դառնում է սիրտ-անոթային հիվանդությունների հետևանքով շուրջ 500 հազար մարդու մահվան պատճառ»:
Այդ պատճառով կազմակերպությունում դրական են գնահատում այն փաստը, որ 58 պետություններ «ընդունել են օրենքներ, որոնք 2021 թվականի վերջին այդ վնասակար նյութերից կպաշտպանեն 3,2 մլրդ մարդու»: Միևնույն ժամանակ, տրասճարպերից հրաժարվելու համար շտապ քայլեր պետք է ձեռնարկեն դեռ 100-ից ավելի երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Մեքսիկան։
ԱՀԿ-ն 2018 թվականի հունիսին ներկայացրել է REPLACE նախագիծը, որն ուղղված է ամբողջ աշխարհում սննդամթերքի արդյունաբերության մեջ տրանսճարպերի փուլային վերացմանը։