211652_close_icon
views-count2397 դիտում article-date 22:18 24-12-2020

Չորս մարզերում և Երևանում կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա․ ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ , Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն ակտիվ փուլում է, և արդեն կան ավարտված աշխատանքներ։ Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը ենթադրում էր մեխանիկական ոռոգման համակարգերը փոխարինել ինքնահոս համակարգերով։ Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում վեց և Երևանում մեկ կառույցների աշխատանքներն արդեն ավարտվել են։ Արդյունքում տարեկան կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված է կառուցել Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելի շրջանցող ջրատարը և վերականգնել Արզնի Շամիրամի մայր ջրանցքի առավել վթարային հատվածներ։ Նախատեսված ժամկետից շուտ ավարտվել են Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելի շրջանցող ջրատարի աշխատանքները, իսկ Արզնի Շամիրամի մայր ջրանցքի առավել վթարային հատվածների նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2021 թվականի ոռոգման շրջանի մեկնարկը։ Նույն բաղադրիչով նախատեսված է նաև վերականգնել թվով 22 միջտնտեսային նշանակության ջրանցքների մոտ 56 կմ երկարությամբ հատվածներ։ Այսօրվա դրությամբ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են` 4 ջրանցքների վերականգնման ուղղությամբ։ Երրորդ բաղադրիչով նախատեսվել է 100-ից ավելի բնակավայրերում վերականգնել շուրջ 258 կմ երկարությամբ ներտնտեսային նշանակության ջրանցքներ։ Աշխատանքները մեկնարկել են են 44 բնակավայրերում և մինչ օրս կառուցվել է 59 կիլոմետր երկարությամբ ներտնտեսային ցանց։ Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Դվին, Նոր ՈՒղի, Զանգակատուն, Տեղեր, Կոշ և Թալին համայնքներում, իսկ Վանանդ Երվանդաշատ, Նորավան, Նորապատ և Դաշտաքար համայնքներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նշենք նաև, որ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է և իրականացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ։ Ծրագրի հիմնական նպատակներն են՝ փոխարինել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով, վերականգնել մայր և միջտնտեսային ջրանցքների առավել վատթար վիճակում գտնվող ջրանցնքների հատվածներ, վերականգնել և կառուցել ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում։ Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: [b]ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր