1148 դիտում
09:11 25-05-2021
Ահաբեկչություն Հայաստանի նկատմամբ. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանում ու Հայաստանի շուրջ կատարվող տեսանելի ու թաքնված գործընթացները վստահաբար մշակվում են ինչ-որ կենտրոնների կողմից և տեղի են ունենում համապատասխան տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակներում։ Պատերազմի ավարտից հետո հայ հասարակության նկատմամբ հետևողականորեն կիրառվում են մոլորեցնող շատ որոշակի տեղեկատվական, քարոզչական տեխնոլոգիաներ, որոնց նպատակը հանրության գիտակցության բթացումն է, որը, վերջին հաշվով, հանգեցնում է անգամ ամենադժոխային իրադարձությունների անընդվզում ընդունմանն ու համակերպմանը։
Հենց այդպիսի տեխնոլոգիաների օրինակ է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի առաջխաղացումն ու դրան ուղեկցող տեղեկատվական-քարոզչական աղմուկը։ Այն, ինչ արձանագրված է արդեն այսօր՝ շոկ-համակերպում-ընդունում սխեմայի արտահայտություն է։ Մայիսի 12-ին, երբ հայտնվեցին առաջին տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցիները հայտնվել են Սև լճի տարածքում, ապա՝ Վարդենիսում, հասարակությունը սկզբնական փուլում շոկ ապրեց, որն ուղեկցվեց անհանգստության ու անորոշության խորը զգացումով։
Բայց օրերի հետ հանրությունն աստիճանաբար սկսեց համակերպվել այդ՝ առաջին պահին աներևակայելի ու անկարելի թվացող տեղեկությանը, ինչի արդյունքում, արդեն 13-րդ օրն է՝ ադրբեջանական զինվորները՝ ավելացող քանակով, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Հիմա կատարվածի, ըստ էության, վերջին՝ ընդունման փուլն է, որից հետո արդեն հասարակությունը վերջնականապես կհաշտվի այն իրողության հետ, որ թշնամական երկրի զինուժը կարող է անարգել հատել Հայաստանի սահմանը և դիրքավորվել մեր երկրին պատկանող տարածքում։
Նույնպիսի տեխնոլոգիայի արտահայտություն էր հերթական եռակողմ հակահայկական փաստաթղթի ստորագրման մասին պատմությունը։ Սկզբում այն առաջացրեց շոկ, որոշ մարդիկ դուրս եկան փողոց, և այլն, ապա հանրությունը մտավ նաև այդ տեղեկատվության հետ համակերպման ռեժիմի մեջ, որին հաջորդելու է ընդունման փուլը։ Այդ փաստաթղթի մասին տեղեկություններին զուգահեռ, «հընթացս» սկսեցին քննարկել նաև անկլավների հարցը․ կրկին՝ սկզբում շոկ, ապա՝ համակերպում, և, ի վերջո, ընդունում։
Դժվար է ասել՝ ո՞ր երկրներից և ովքե՞ր են աշխատում այս տեխնոլոգիաները հայկական իրականությունում կիրառելու գործընթացում, բայց վստահաբար աշխատողներ կան, ընդ որում, դրանք կարող են լինել միանգամից մի քանի, անգամ հակադիր բևեռներից։ Նաև այս տեխնոլոգիաների անտեսանելի ազդեցության արդյունքն է իրողությունը, որ պատերազմից ընդամենը 6 ամիս անց, երբ դեռ Եռաբլուրում նոր փոսեր են փորվում, բազմաթիվ ծնողներ իրենց զավակներին են փնտրում զոհվածների և ողջերի մեջ, թշնամին գրեթե ամեն օր մեր տարածք է ներխուժում և պահանջներ ներկայացնում, արդեն գրեթե որևէ մեկը չի խոսում Արցախի մասին, հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սյունիքի ու մյուս սահմանամերձ մարզերի վրա։
Հայ հասարակությունն արդեն իսկ համակերպվել և ընդունել է Արցախի, Շուշիի, այլ բնակավայրերի կորստի, հազարավոր զոհերի ու վիրավորների իրողությունը, ինչն այդ նույն տեխնոլոգիաները կիրառողներին խիստ անհրաժեշտ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու միջոցով Արցախի հարցը վերջնականապես փակելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»։
Նմանատիպ նյութեր
2759 դիտում
10:51 28-04-2016
Հայաստանի քաղաքականության մեջ Ռուսաստանի նկատմամբ իրատեսականություն է մտել. «168 ժամ».
2838 դիտում
10:33 24-12-2016
Հայաստանի աշխարհագրական շահեկան դիրքը կարող է օգտագործվել հօգուտ Իրանի և Հայաստանի. «168 ժամ»
1809 դիտում
08:17 18-11-2014
Դրամն արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ. 168 ժամ
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
937 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1249 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»