211652_close_icon
views-count1461 դիտում article-date 10:37 01-07-2021

Ինչի՞ մասին է այս խոսույթը, եթե ոչ մարդկանց միջև բաժանարար գծերը ամրագրելու փորձի. Մարիա Կարապետյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարված է եւ լավ կլիներ, որ բոլոր քաղաքական դերակատարները առերեսվեին այս իրողությունների հետ, ընդունեին, որ մարդիկ կարիք ունեն հանդարտության եւ աշխատանքի, եւ այլեւս կարիք չունեն ցնցումների, վիճարկումների, արտահերթ զարգացումների:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում այսպես արձագանքեց խորհրդարանական ընտրությունների արդյունքում 8-րդ գումարման խորհրդարանում հայտնված «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, որը երեկ դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց, թե այս խորհրդարանական ընտրություններով ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում չի հաղթահարվել, եւ 1.5 տարի հետո նոր ընտրություններ են լինելու:

«Ճգնաժամի հաղթահարման լավագույն ցուցիչը այն համերաշխությունն է, որ մեր երկրում տիրում է: Մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել էինք հենց այդ գլխավոր նպատակով՝ հանրային համերաշխությունը վերականգնելու համար»,- ասաց Կարապետյանը:

Հարցին, այսինքն բացառո՞ւմ եք, որ առաջիկա 1 ու կես տարում արտահերթ ընտրությունների պահանջարկ կառաջանա, պատգամավորը պատասխանեց. «Այն քաղաքական շրջանակների օրակարգով, որով առաջադրվում է այդ հարցը, բացառում եմ»:

Քոչարյանը երեկ հայտարարել է նաեւ, թե առողջ հասարակությունը չէր կարող ընտրել այս իշխանությանը: Կարապետյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս են պատկերացնում քաղաքացիների մասին այսպիսի կարծիք ունեցող ընդդիմության հետ խորհրդարանում աշխատանքը:

«Երբ մենք քննադատում էինք ժեխի մասին դիսկուրսը, գուցե որոշ մարդկանց մոտ տպավորություն էր, որ սրանք լեզվի սայթաքումներ են: Այսպիսի ձեւակերպումները, որ պարբերաբար հնչեցվում են, ցույց են տալիս, որ սրանք լեզվի սայթաքումներ չեն, սրանք մտածողության արատներ են՝ այդ քաղաքական գործիչների մտքի մեջ: Այդ նույն ելույթի շրջանակներում Քոչարյանը մի քանի մարդաբանական վերլուծություններ եւս արել է, որոնք ցույց են տալիս այդ քաղաքական շրջանակների մտածողությունը: Օրինակ, ասել է, որ էական աչքի զարնող տարբերություններ կան մեր ընտրազանգվածի ու իրենց ընտրազանգվածի մեջ:

Հաճախ իրենք են մեզ մեղադրում հանրությանը մասերի բաժանելու մեջ, ինչի՞ մասին է այս խոսույթը, եթե ոչ  մարդկանց միջեւ բաժանարար գծերը ամրագրելու փորձի»,- հարց հնչեցրեց պատգամավորը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր