211652_close_icon
views-count6589 դիտում article-date 09:25 02-07-2021

Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նախօրեին կայացած 43-րդ հանդիպման ժամանակ, որն անցկացվել էր տեսակոնֆերանսի ձեւաչափով, Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին՝ «հաշվի առնելով ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները»: Այլ կերպ ասած, Բաքուն առաջարկում է բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ գծանշման շուրջ։

Թեեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսում է այն մասին, որ «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը, բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձեւավորումը այլընտրանք չունեն», սակայն իրողությունները հակառակն են ապացուցում: Նախեւառաջ, Արցախում անցած տարի սանձազերծված լայնածավալ պատերազմը եւ դրա ընթացքում իրականացված ռազմական հանցագործությունները (ռազմագերիների, ինչպես նաեւ մարտական գործողությունների գոտում հայտնված քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումները, պատանդներ վերցնելն ու նրանց սպանությունները, արգելված զինատեսակների կիրառումը եւ այլն), այսինքն՝ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը եւ դրա հետեւանքով պարտադրված իրողությունները չեն կարող նպաստել բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձեւավորմանը, առավել եւս երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը։

Բացահայտ ագրեսիայի մասին է վկայում նաեւ մայիսի 12-ից առայսօր ադրբեջանական զինուժի տեղակայումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշակի հատվածների երկայնքով: Ադրբեջանը շարունակ մատնանշում է նոյեմբերի 9-ից հետո հակամարտության իբր կարգավորման մասին, սակայն դրանից հետո էլ հայ զինվորներ են գերեվարվում, սպանվում, իսկ որոշ գերիների նկատմամբ ներկայումս ընթանում է կեղծ հիմքերով դատավարություն Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։

Վերոնշյալից զատ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բազմիցս բարձրաձայնում է սահմանային վեճերի հետեւանքով գյուղական բնակչության իրավունքների եւ բնականոն կյանքի պահանջների խաթարման մասին։ Ցավալիորեն ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ՝ ներկայումս սահմանային հարցերը դիտարկվում են տարածքային-քաղաքական ու մեխանիկական մոտեցումներով՝ անուշադրության մատնելով գյուղացիների իրավունքների, նրանց անվտանգության հարցերը»։ 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր