211652_close_icon
views-count1987 դիտում article-date 10:41 03-07-2021

Իշխանություններին տրվել է օդի մեջ խոսելու մանդատ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Շիրակի մարզում անասունների շրջանում սիբիրյան խոցի դեմ պայքարելու համար պետք է աշխատել: Խոսրովի անտառներում հրդեհները հանգցնելու համար պետք է ջանքեր գործադրել: Որպեսզի Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծորակից կոյուղու ջուր չգա, պետք է զբաղվել այդ վթարով: (Ի դեպ, ոչ ոք այլեւս չի՞ ցանկանում այդ ջուրը խմեցնել բնապահպանության նախարարին, կամ էլ շփել Երեւանի քաղաքապետի վրա: Ակնհայտորեն՝ մեր հ/կ-ները կորցրել էին իրենց նախկին խանդավառությունը):

Մի խոսքով, աշխատելը բարդ է՝ անհրաժեշտ է պրոֆեսիոնալիզմ, մասնագիտական հմտություններ, ջանասիրություն: Օրինակ, Արմեն Չարչյանի փոխարեն ոչ մի կաշվե բաճկոնով «կոմիսար» չի կարողանա վիրահատություններ անել, որովհետեւ վիրաբույժները սովորաբար մուրճով չեն աշխատում: Դիվանագետի փոխարեն ոչ մի փողոցային հռետոր բանակցություններ չի վարի, դատավորի փոխարեն ոչ ոք գործի հանգամանքները ծանրութեթեւ չի անի, նույնիսկ եթե հոգով-սրտով հավատարիմ է հեղափոխության գաղափարներին:

Իսկ ի՞նչն է հեշտ անել: Հեշտը խոսելն է, օդ ցնցելը: «Ժողովուրդը», ըստ երեւույթին, երեք տարի առաջ այս իշխանություններին տվել է օդի մեջ խոսելու մանդատ, եւ հունիսի 20-ին այդ մանդատը հաստատել է: Ինչի մասին է սիրում խոսել իշխանությունը, նրա քարոզիչներն ու քծնողները: Դե, ամենասիրած թեման, ինչպես հայտնի է, «նախկիններին պատժելն» է: Ընդ որում, քանի որ երեք տարի դրա մասին խոսվում է եւ առանձնապես ոչ մի բան չի արվում, հիմա այդ «պատժելու» թեզը փոքր-ինչ ձևափոխվել է՝ «առաջ մենք բարի էինք, ներողամիտ, եւ դրա համար պատժելը լավ չէր ստացվում, իսկ ահա հիմա ամեն ինչ այլ կերպ է լինելու: Քանի որ մեր չստացվելու հիմնական մեղավորները դատավորներն էին, ուրեմն հեսա մենք կփոխենք բոլոր դատավորներին, եւ նոր դատավորները «կփակեն» բոլոր մեր ասած մարդկանց»:

«Օպերացիան» հանձնարարվել է Գագիկ Ջհանգիրյանին, որն, իհարկե, լավ մասնագետ է եւ հասկանում է, թե որքան ուտոպիստական են այդ ծրագրերը, եւ «վեթինգի», «լյուստրացիայի», «դատական համակարգը զրոյից կառուցելու», «օրենքի դիկտատուրայի» մասին ամբոխահաճո խոսակցություններից այն կողմ գործն առաջ չի գնա: Ի դեպ, նույնքան կյանքից կտրված եւ ոչ պրոֆեսիոնալ են «ապօրինի գույքի բռնագանձման» մասին դատողություները: Ցանկալի է, որ ԲԴԽ փաստացի ղեկավարը, որին նշանակել են չափից դուրս ինքնուրույն Ռուբեն Վարդազարյանի փոխարեն, այդ ամենը հասցնի իշխանությունների ականջին:

Տեսականորեն, այո, հնարավոր է արձակել բոլոր դատարանները, ստեղծել հավատարիմ ՔՊ-ականներից բաղկացած «տրոյկաներ» եւ «բռնել տալ» մարդկանց ըստ այն ցուցակի, որն այդ «տրոյկաներին» կուղարկի Փաշինյանը՝ ամբոխի հրճվալից աղաղակների տակ: Բայց այդ փորձը շատ վատ կվերջանա մեր պետության եւ հատկապես իշխանության համար: Պարզ է, որ նման բան չի էլ արվի: Պարզապես խոսում են»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր