211652_close_icon
views-count1718 դիտում article-date 10:51 06-07-2021

Զասի հայտարարությունը տարակուսելի, ինչ-որ առումով անընդունելի է. Սոս Ավետիսյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Շուրջ 2 ամիս առաջ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում հատելով Հայաստանի սահմանը՝ մի քանի հարյուր ադրբեջանցիներ հաստատվեցին ՀՀ տարածքում: Այնուհետեւ նույնը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում: ՀՀ իշխանությունները որոշեցին իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով եւ դիմեցին ՀԱՊԿ-ին:

Մեկուկես ամսվա քննարկումներից հետո նախօրեին լրագրողների հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով չի անցնում: Ըստ նրա՝ կառույցի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում, մինչդեռ այս պարագայում սահմանային միջադեպ է, զոհեր էլ չկան: Մեր հարցերին պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին  հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը.

- Պարոն Ավետիսյան, ՀԱՊԿ-ն վերջապես պատասխանեց Հայաստանին: Բայց «պարզվում է», որ սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ. զոհեր, ագրեսիա չկա: Սպասելի՞ էր ձեզ համար նման արձագանքը:

- Բավական տարօրինակ արձագանք է, տարակուսելի, որովհետեւ նախ զոհ կա. ցավոք սրտի, արեւելյան ուղղությունում մենք մեկ զոհ ունենք, ադրբեջանցիները հայ զինվոր են սպանել: Երկրորդ, Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին ոչ թե ագրեսիայի վերաբերյալ՝ 4-րդ կետով, այլ 2-րդ կետով, որը ենթադրում է՝ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում ՀԱՊԿ-ն պետք է արձագանքի: Այսինքն՝ մեր կողմից պատշաճ դիմումի ձեւը պահպանված է եղել: Բացի այդ, Զասը խոսում է Հայաստանի հարավի մասին, մեր խնդիրը հարավարեւելյան  սահմանի՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մասին է:

- Ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն նման տարակուսելի հայտարարությանը: Վստահաբար տեղյակ եք, որ տարատեսակ կոչեր են ուղղվում իշխանություններին՝ սկսած ՀԱՊԿ-ից դուրս գալուց, մինչեւ այլ կառույցների անդամակցություն: Ո՞րը պետք է լինի մեր արձագանքը:

- Զասի հայտարարությանն արձագանքել է նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ տարօրինակ համարելով նրա գնահատականները: Ես կարծում եմ, որ Հայաստանի դիվանագիտական եւ այլ կառույցները այս հայտարարությունների տրամաբանության մեջ պետք է քայլեր անեն: Իմ կարծիքով՝ պետք է այդ տարակուսելի հայտարարությունը պարզաբանվի գործընկերների հետ, հասկանանք՝ ինչու է պատասխանն այսպիսին: Ես հասկանում եմ, որ սա առաջին անգամն է ՀԱՊԿ պատմության ընթացքում, որ նման իրավիճակ է լինում, եւ նման դիմում է ուղղվում, բայց պետք է քննարկել եւ իրավիճակը ճիշտ գնահատել:

- Նույն Զասը, Տաջիկստանում ստեղծված իրավիճակին արձագանքելով, անհանգստություն է հայտնել եւ հայտարարել, որ պետք է աջակցել՝ այդ երկրի հարավային սահմանների անվտանգությունը ապահովելու համար: Ի՞նչ եք կարծում, երկակի ստանդարտների հե՞տ գործ ունենք:

- Երկակի ստանդարտներ, այո՛, իրավացիորեն եք նշում: Բայց ես կարծում եմ, որ 6 անդամ պետություններն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, եւ պետք է այդ տրամաբանության մեջ խնդրին նայենք: Եթե ՀԱՊԿ-ը ընդհանուր անվտանգային համակարգ է, ապա այդտեղ անդամների տարածքային ամբողջականության հարցերը պետք է անհանգստություն առաջացնեն բոլոր անդամ պետությունների համար: Ես չեմ կարող ասել՝ ինչու է Տաջիկստանի դեպքում այդպիսին արձագանքը, բայց պետք է աշխատանք տարվի, որ այդ ընկալումները լինեն համահավասար, որովհետեւ դա է ենթադրում կոլեկտիվ անվտանգություն ասվածը:

- Պարոն Ավետիսյան, ինչքանո՞վ է արդարացի ՀԱՊԿ-ի արձագանքը, եթե հաշվի առնենք, որ նույն ժամանակահատվածում Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայում քննարկում էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի ընդլայնման հարցը:

- Ես կարծում եմ, որ որոշ առումով պետք է տարանջատել Հայաստանի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի, այսպես ասած, ճարտարապետությունից:

- Այսինքն՝ համաձայնեցված չէ՞ր Զասի արձագանքը Ռուսաստանի հետ:

- Ես չեմ կարող ենթադրություններ անել, բայց կարծում եմ՝ մեր անվտանգային համակարգի աշխատանքները չպետք է կապել հայտարարության հետ: Կրկնում եմ՝ դա տարակուսելի եւ ինչ-որ առումով անընդունելի հայտարարություն է, որի շուրջ պետք է աշխատել ՀԱՊԿ-ի շրջանակներում, իսկ այլ անվտանգային խնդիրները, որոնք այս պահին փորձում ենք լուծել մեր ռազմավարական դաշնակցի հետ, առանձին տիրույթում են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր