211652_close_icon
views-count2046 դիտում article-date 10:52 08-07-2021

Իշխանությունը արդարանալու «ֆռիկներ» է գտնում․ ցավն այն է, որ «ֆռիկներից» գարին չի աճում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ջրի պաշարներն իրականում Հայաստանում բավարար են, պարզապես ոռոգման ցանցն է հիմնականում մոտ 40 եւ ավելի տարվա հնության, եւ նույնքան «հնության» է այդ ոլորտի մենեջմենթը: Այդ երկուսն արդիականացնելն ավելի հրատապ է, քան կաթիլային ոռոգման անցնելը, որն, իհարկե, անհրաժեշտություն է, բայց պետք է դառնա մի քանի տարվա պլանավորված աշխատանքի արդյունք:

Հայաստանում խնդիրները լուծվում են «լեզվական մակարդակով». կառավարությունն իր խնդիրը տեսնում է ոչ թե, ասենք, մեր սահմանների անվտանգությունն ապահովելու մեջ, այլ՝ նրանում, որ գտնվեն այնպիսի բառեր, որոնք կարդարացնեն, թե ինչու այդ անվտանգությունը չի ապահովվում: Ենթադրենք, այդ բառերը մեր բնակչության մեծամասնության համար համոզիչ են, բայց արդյո՞ք դա լուծում է փլուզվող պետության պայմաններում:

Այս տարվա մարտի 18-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ջրային պաշարների, ջրամբարների լցվածության մակարդակով: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար կարելի է գնահատել: «Կանխատեսումներն այնպիսին են, որ, ըստ էության, ջրի խնդիր այս տարի որպես այդպիսին քիչ կունենանք»,-ասել է ՏԿԵ նախարարը:

Այդ զեկույցից վարչապետը եզրակացրեց, որ այս տարի գյուղացին ջրի խնդիր չի ունենա: Երեւի ենթադրում էր, որ ամռանը Հայաստանում մուսոնային անձրեւների սեզոն է սկսվելու:

Բայց այդպես չեղավ: Իհարկե, ցանկացած ձախողման համար, ընդհուպ մինչեւ ազգային ողբերգությունը, մեր իշխանությունն ինչ-որ «ֆռիկներ» գտնում է՝ արդարանալու համար: Ցավն այն է, որ «ֆռիկներից» գարին չի աճում:

…Այս դեպքում էլ երաշտն է մեղավոր: Երբ Ք.ա. 480 թվականին հունական հերթական արշավանքի ժամանակ պարսից արքա Քսերքսի նավատորմը մոտ 600 նավ կորցրեց փոթորիկի պատճառով, թագավորը հրամայեց պատժել ծովն ու մտրակել այն: Գուցե հիմա էլ երա՞շտը պատժենք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր