211652_close_icon
views-count1572 դիտում article-date 21:52 20-08-2021

Մեր ժողովուրդը կարիք ունի հույսի, հավատի և վստահության, Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի նախօրեին ուղերձ է հղել Գարեգին Բ Կաթողիկոսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասվում է.

«Վեհափառ Տեր,

Ձեր ծննդյան օրվա նախօրեին Ձեզ եմ հղում առողջության ու արևշատության իմ ջերմ բարեմաղթանքները:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը, մեզ միավորող առանցքը, մեր հավատքի, պատմության ու ավանդույթների շարունակական ներկայությունն ապահովողը մեր արժեհամակարգում, մեր մշակույթում, մեր ներաշխարհում:

Ձեր հայրապետության շուրջ 22 տարիների ընթացքում մեր եկեղեցական կյանքն աշխուժություն է ապրում՝ անցյալի արժևորմամբ, ներկայիս գործունեությամբ և ապագայի տեսլականով: Անցնող 22 տարիները Հայ եկեղեցու համար եղել են զորացման, բարեփոխման, եկեղեցաշինության տարիներ: Այդ ընթացքում ձեռնարկվել են քայլեր՝ միտված Հայ եկեղեցու առաքելությունն առավել արդյունավետ դարձնելուն և եկեղեցական կյանքը կանոնակարգելուն:

Որպես Ամենայն հայոց կաթողիկոս Ձեր գահակալության հատկապես այս վերջին տարիները համընկնում են մի ժամանակահատվածի, երբ մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են բազում դժվարությունների ու փորձությունների միջով:

Ցանկացած դժվարին իրավիճակ հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը: Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում մարդկությունն ի թիվս այլ ճգնաժամերի, նաև ինքնության ճգնաժամ է ապրում: Առկա մարտահրավերներն ու խնդիրներն առավել քան կարևոր են դարձնում համախմբումը հոգևոր ու բարոյական արժեքների շուրջ, որոնք մնայուն են նաև մեր եկեղեցու շնորհիվ:

Մեր ժողովուրդը կարիք ունի հույսի, հավատի և վստահության, կարիք ունի բարոյական մաքրության, համերաշխ ու միասնական կեցության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, կարիք ունի վերածննդի ու վերարժևորման: Գնահատելի է, որ, մխիթարության, ոգևորումի և աջակցության խոսքերի հետ մեկտեղ, որպես հայրենասիրության յուրատեսակ դաս, այս մասին հնչեցվում է նաև

Վեհափառի կողմից:

Թող Ձեր հայրապետական հոգածությունն այսուհետ ևս աջակից և սատար լինի մեր երկրին ու ժողովրդին՝ ի շահ մեր Հայրենիքի և աշխարհասփյուռ հայության, ժողովուրդ-պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ հոգու ամրություն և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր