Կադիրովը ղազախ ժողովրդին կոչ է արել չգնալ սադրիչների հետևից. News.am
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովի հետ համատեղ ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը եւ Ղազախստանի իրադարձությունները համեմատել է Չեչնիայում ռազմական արշավների մեկնարկի սցենարի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք անտարբեր չենք Ղազախստանի ճակատագրի նկատմամբ։ Հայրս այնտեղ է ծնվել, պապիկիս եղբայրն այնտեղ է թաղված։ Եղբայրական ղազախ ժողովուրդն ընդունել է մեզ ամենադժվար ժամանակներում։ Գազի գնի պատճառով մարդիկ դուրս են եկել. քանդում են, սպանում են։ Ինչո՞ւ ավերել: Ինչո՞ւ լինել ագրեսիվ: Ծեծել ոստիկաններին: Նրանք հանցագործություններ են կատարում եւ դրա համար հետագայում կպատժվեն»,- ասել է Կադիրովը։
Նա կոչով դիմել է ցուցարարներին՝ իրենց «հնարավորինս խաղաղ» պահելու եւ պետությունն ու տնտեսությունը չքանդելու կոչով, հայտնում է News.am-ը:
«Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը, ինչ են հանրահավաքները։ Մեզ էլ են, ինչպես եւ ձեզ այսօր, հասցրել ռազմական իրադարձությունների։ Հարյուր հազարավոր մարդկանց կորցրինք, անհայտ կորածներ ունենք, ժողովուրդը բաժանվել է թեյփերի, վիրդերի ու ազգանունների։ Դա արել են տարբեր պետությունների հատուկ ծառայությունների աշակերտները։ Եվ նրանք խնդիր ունեին Չեչնիայի Հանրապետության միջոցով ոչնչացնել Ռուսաստանի ինքնիշխան պետությունը։ <...> Ուստի մենք՝ չեչեն ժողովուրդս, ղեկավարության գլխավորությամբ, խնդրում ենք ուշքի գալ, որպեսզի մեր եղբայրները չսխալվեն, որպեսզի նրանք կանգ առնեն եւ իրավիճակը չհասցնեն ռազմական իրադարձությունների»,- ասել է Կադիրովը։ .