211652_close_icon
views-count1549 դիտում article-date 21:58 13-04-2022

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ

Ապրիլի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ 2023-2026թթ․ ժամանակահատվածի համար։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և Սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի  քվեն։  

Հայաստանը ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեին անդամակցում է առաջին անգամ։ Անդամակցության շրջանակներում Հայաստանը նպաստելու է քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների առավել ակտիվ և բովանդակային ներգրավմանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող գործընթացներում։  

Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեն ստեղծվել է 1946թ, հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի օժանդակ մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 19 երկրներից։ Այն զբաղվում է ՏնտՍոցԽորհի խորհրդատվական կարգավիճակ ստանալու ոչ կառավարական կազմակերպությունների դիմումների, զեկույցների քննարկմամբ և խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերությունների դիտարկմամբ։

Նմանատիպ նյութեր