211652_close_icon
views-count856 դիտում article-date 16:05 16-06-2022

Ժամանակակից արվեստի թանգարանը նշում է 50-ամյակը. Վ. Դումանյանը թանգարանի տնօրենին պարգևատրել է Ոսկե մեդալով

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ և երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նունե Ավետիսյանին Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակի և այն շուրջ մեկտասնամյակ  հաջող ղեկավարելու առիթով:

Նախարարը բարձր է գնահատել վաստակաշատ տնօրենի ներդրումը թանգարանի զարգացման գործում. «Ձեր շնորհիվ թանգարանն ընդլայնել է իր գործունեությունը, հարստացրել հավաքածուն և հասարակության շրջանում դարձել ավելի ճանաչելի: Պետք է ամեն ինչ անել՝ էլ ավելի մեծացնելու հասարակական հետաքրքրվածությունը թանգարանի նկատմամբ: Նախարարության Ոսկե մեդալով պարգևատրումը ընդունե՛ք որպես Ձեր աշխատանքի համեստ գնահատական»:

Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար: Նա հակիրճ ներկայացրել է թանգարանի պատմությունը, գործունեությունը, հավաքածուների և տարբեր նմուշների համալրման մանրամասներ: Քննարկվել են թանգարանի շենքային պայմաններին, ցուցադրությունների կազմակերպմանը վերաբերող խնդիրները, լուծման հնարավոր տարբերակները:

Նշենք, որ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրման 50 և Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյա հոբելյանների շրջանակում կներկայացնի բացառիկ ցուցադրություն, որը կբացվի այսօր՝ ժամը 16:00-ին, Կառավարական 2-րդ տանը (ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենք):

 Ներկայացվելու են թանգարանի հավաքածուից երբևէ չցուցադրված 150 հեղինակի 300-ից ավելի ստեղծագործություններ:

Նմանատիպ նյութեր