211652_close_icon
views-count829 դիտում article-date 14:41 12-01-2023

Ալկոհոլային որոշ խմիչքների իրացման և ներմուծման համար վերացվում է պարզեցված լիցենզիայի պահանջը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 12-ի նիստում հավանություն տվեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

«Այսօրվա մեր նախագիծն ուղղված է էապես հեշտացնելու բիզնես միջավայրը որոշ ոլորտներում: Այդ ոլորտները 7-ն են. գարեջրի արտադրությունը, գինու, խնձորի, պտղա-հատապտղային այլ գինիների և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունը, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 100 հազար լիտրից ավել շշալցված կոնյակի իրացման և ներմուծման և այլ գործունեության տեսակների համար մենք վերացնում ենք ծանուցման պահանջը: Ծանուցումը պարզեցված լիցենզիան է, և այս գործունեության տեսակների համար լիցենզիայի կամ ծանուցման վերացումը թույլ է տալու, որ այս ոլորտներում ընկերությունները կամ ձեռներեցները կարողանան շատ ավելի հեշտ մտնել շուկա և ազատեն իրենց թղթաբանությունից: Մեր կարծիքով այդ թղթաբանությունն ավելորդ է, քանի որ մենք, ըստ էության, թղթերի հետ ենք աշխատում, քան իրականում ստուգումներ ենք անում»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:


Նախարարը նշեց, որ նախագծի այլ հատվածը որոշակի գործունեության տեսակների համար նաև նախատեսում է պետական տուրքի էապես նվազեցում. դրանք վիսկին, ռոմը, ջինը, սպիրտային այլ թուրմերն են: «Այսօր ընկերությունները դրանց համար պետք է վճարեն 15 մլն դրամ պետական տուրք՝ այդ տիպի արտադրանք արտադրելու համար, հիմա նվազեցնում ենք մինչև 3 մլն, որը, մեր կարծիքով, խելամիտ պետական տուրք է նմանատիպ գործունեություն սկսելու համար:

Ասեմ նաև, որ այսօր մենք ունենք էական մեծ պահանջարկ այս տիպի արտադրանքի համար թե՛ Հայաստանում, թե՛ արտահանման առումով, և կարծում ենք որ այս փոփոխությունը պետէք է խթանի այդ գործունեությամբ զբաղվելը»,- ասաց նա՝ նշելով, որ մի առանձին կետով էլ վերացվում է շշալցված կոնյակի արտահանման պետական տուրքը, որը ներկայումս 1 լիտրի համար կազմում է 25 դրամ։ Քերոբյանի տվյալներով՝ միայն այս տուրքի արդյունքում արտահանողները տարեկան ընդհանուր շուրջ 450 մլն դրամ են վճարում։

Նմանատիպ նյութեր