211652_close_icon
views-count766 դիտում article-date 13:29 06-04-2023

Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերություններին 817 մլն դրամի փոխհատուցում կտրվի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2022թ–ի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով վնաս կրած ընկերություններին պետական բյուջեից 817,3 մլն դրամի փոխհատուցում հատկացնել:

Փոխհատուցումը նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով սահմանամերձ տարածքում ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների համար, որոնց տեխնիկան վնասվել կամ մնացել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։

Պաշտոնական տվյալներով՝ հակառակորդի տիրապետության տակ է անցել 4 ՍՊԸ-ների պատկանող 17 միավոր տեխնիկա` 5 բուլդոզեր, 9 էքսկավատոր, 3 «Կամազ» ինքնաթափ։ Եվս 3 միավոր տեխնիկա (1 էքսկավատոր, 1 «Կամազ» ինքնաթափ, 1 ավտոկռունկ) վնասվել են հակառակորդի գնդակոծության հետևանքով։

Կառավարության հաշվարկած փոխհատուցման գումարը, սակայն, վերաբերում է 20 տրանսպորտային միջոցներից 19-ին։ «Մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան կազմակերպության կողմից փաստաթղթային ձևով չի ներկայացվել, որի կապակցությամբ դրա գնահատումը չի իրականացվել»,– նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։

Նշենք, որ փոխհատուցման որոշումն ընդունվել էր դեռ 2022թ–ի դեկտեմբերի 15-ին, որի հիման վրա ՊՆ–ին իրավունք էր վերապահվել վնասի փոխհատուցման մասին կետ ավելացնել տվյալ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում։

Այս որոշման հիման վրա էլ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի հնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ը գույքի գնահատման և փոխհատուցման հաշվարկ են իրականացրել։

Նմանատիպ նյութեր