211652_close_icon
views-count856 դիտում article-date 11:43 30-04-2023

Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Դրանում մասնավորապես ասվում է. «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Պետքարտուղար Բլինքենը կրկնել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են։ Նա իր երախտագիտությունն է հայտնել խաղաղության գործընթացին վարչապետի շարունակական նվիրվածության համար»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ: 

«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։

Նմանատիպ նյութեր