211652_close_icon
views-count973 դիտում article-date 14:15 22-05-2023

Ռուսներին քշելու, դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չենք ստացել. չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս կատարել իր գործառույթները․ Փաշինյան

ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, որ, ըստ էության, չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը: Ֆունդամենտալ խնդիրը սա է: Նման կերպ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել էր, թե Արևմուտքը Հայաստանին ազդակներ է ուղարկում «քշել ռուսներին»:

«Եթե ՀԱՊԿ-ն դա հստակ ընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա: Մենք ռուսներին քշելու, հարաբերությունները խզելու, դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չենք ստանում և չենք ստացել և չեմ կարծում, որ նման ազդակ երբևէ կլինի: Ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին։ Մենք մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ մեր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում և կարծում եմ, որ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում»,- ընդգծեց Փաշինյանը:

Ինչպես նշեց վարչապետը, ինքը չի կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս կատարել իր գործառույթները՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հետ կապված, այլ անվտանգային հարցերով։

«Եթե ճիշտ եմ հիշում 2021-ին խաղաղապահի ներկայությամբ դիպուկահարի կրակոցից Արցախի բնակիչ էր սպանվել, անգամ խաղաղապահներն էին այդ մարդուն ասել՝ գնա, աշխատի, մենք քո անվտանգությունն ապահովում ենք, կամ Խծաբերդի դեպքերը։ Այսօր մեր գերեվարված հայրենակիցների 90 տոկոսը գերեվարվել է խաղաղապահների տեղակայումից հետո և խաղաղապահների տեղակայման գոտում։ Արևմուտքն այստեղ ի՞նչ կապ ունի»,- հավելեց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր