211652_close_icon
views-count595 դիտում article-date 14:46 10-07-2023

1 շաբաթում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՆԳՆ

2023 թվականի հուլիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 36 հաղորդում, որից 21-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 18-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Տեղեկացնում է ԼՂ ՆԳՆ ոստիկանությունը:

«Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման շուրջ 12 դեպք։ Դրան նպաստել է «Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառումը:

Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 4 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։

Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է նաև գույքի դիտավորությամբ ոչնչացման և խարդախության մեկական դեպքեր: ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցված խուլիգանություն բնութագրմամբ մեկ դեպքի բացահայտման ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:

Հուլիսի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մարտակերտի շրջանում: Աղաբեկալանջ գյուղի բնակչուհին ոստիկանություն է դիմել, որ իր երկու անչափահաս երեխաներին թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։

Ոստիկանության և փրկարար ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 8-ին երեխաները հայտնաբերվել են Մարտակերտ քաղաքում, ավտոմեքենայի մեջ՝ մահացած վիճակում:

Նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։ Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

Հուլիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակ բացելով Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարող քաղաացիական 3 անձի ուղղությամբ: Իսկ հուլիսի 7-ին ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական դիրքերից կիրառելով 60մմ տրամաչափի ականանետ՝ դիտավորությամբ փորձել են հրկիզել Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ցորենի դաշտերը:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Հուլիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 8 արձանագրություն: Տեղի է ունեցել ՃՏ 2 պատահար, որից մեկը մարմնական վնասով: Պատահարներից 1 անձ դիմել է բուժհաստատություն։ Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 2 վարորդ:

ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ԼՂ տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր