211652_close_icon
views-count74916 դիտում article-date 22:03 21-08-2023

Երևանում պարեկներին եռյակը չկարողացավ մոլորեցնել. վաշտի հրամանատարն ու պարեկը նրանց «կուտը չկերան». հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները գրեթե ամեն օր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խորհրդակցությունների ժամանակ կրկնում է ՊԾ ղեկավար կազմին, մասնավորապես, որ ՀՀ ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի կարգադրություններով 2023 թվականը հայտարարվել է պայքար մի քանի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ թմրամոլության ու տարածման:

Այն, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակների պարեկները հսկայածավալ բացահայտումներ են կատարել նաև ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում, գաղտնիք չէ: Նմանատիպ բազմաթիվ դեպքի բացահայտումների մասին SHAMSHYAN.com-ը բազմաթիվ անգամ հրապարակումներ է կատարել:

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և նույն վաշտի պարեկ Սամվել Մարությանի հետ ժամը 15:30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ ստուգման նպատակով կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում եղած 3 ուղևորները տարօրինակ վարքագիծ են դրսևորել, ինչը կասկած է հարուցել Ս. Ալեքսանյանի մոտ և պարզվել է, որ այդ կասկածները իզուր չեն: Այդ 3 անձանցից մեկի՝ Երևանի բնակիչ  29-ամյա Օնիկ Հ.-ի մոտ, ով եղել է վարորդը, անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Արարատ» գրառմամբ մետաղական տուփ, որի մեջ եղել է  սև կպչուն ժապավենով փաթեթավորված 15 փաթեթ: 

Նշված անձինք, ավտոմեքենայով հանդերձ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով պարեկների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Շենգավիթի բաժին: 

Պարզվում է, որ այդ մետաղական տուփի մեջ եղել է ընդհանուր մոտ 11.93 գրամ քաշով «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, իսկ Օնիկ Հ.-ի ձեռքին եղած ծխախոտի տուփում հայտնաբերվում է չիպ փականով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման 1.26 գրամ քաշով «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Ավտոմեքենայի ուղևորներից Երևանի բնակիչ 50-ամյա Մանուկ Մ.-ի մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ մոխրացված հետքերով:

Opel-ը տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձևակերպվել են փաստաթղթղեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենայում գտնվող մյուս ուղևոր, Լոռու մարզի 21-ամյա բնակիչ Շ. Մ.-ի մոտ ոչինչ չի հայտնաբերվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

Նմանատիպ նյութեր