211652_close_icon
views-count5209 դիտում article-date 12:08 24-07-2024

Առաջինն ու դեռևս միակը Հայաստանում. ովքե՞ր են դիմում մասնավոր խուզարկուի օգնությանը

Հուլիսի 24-ը   Դետեկտիվների միջազգային օրն է։  Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանն ունի իր դետեկտիվն ու դետեկտիվ բյուրոն․ այս պահին «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրո»-ն ոչ միայն առաջին, այլև միակն է մեր երկրում։ «Մեր նպատակն է,  որ  ժողովուրդը հասկանա՝ դետեկտիվը սովորական մարդ է, կախարդ չէ, պարզապես ունի  հասարակության մեջ սանիտարական դեր ունեցող մասնագիտություն։ Խուզարկուն  աջակցում ու  ծառայություններ է մատուցում, բազմապրոֆիլ անհատ է՝  ֆիզիկոսից մինչև հոգեբան»,- ասում է Բյուրոյի համահիմնադիր տնօրեն, Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի  անդամ Հայկ Գաբրիելյանը։

Ինչպե՞ս է աշխատում խուզարկուն․ թվային հետքերով

Սոցիալական ցանցերում զգույշ եղեք, դրանց միջոցով կարելի է անգամ անձնական մանրամասներ պարզել ցանկացած մարդու մասին։ Եվ որքան ակտիվ է մարդը, ասենք, ֆեյսբուքում, այնքան շատ թվային հետք է թողնում այնտեղ ու, անհրաժեշտության դեպքում, հեշտացնում դետեկտիվի գործը՝ ասում է Հայկ Գաբրիելյանը և հավելում, որ հենց բաց աղյուրներն ու թվային հետքն են դետեկտիվի առաջնային գործիքները։  Հետաքննությունների ժամանակ դրանց գումարվում են նաև հարցումները, տարբեր փակ աղբյուրներից տեղեկությունների հավաքագրումը, այլ երկրների խուզարկուների աջակցությունը․․․

«Մենք ունենք գործընկերներ, որոնք ձևավորել են տեղեկատվական համակարգեր, և մեր գործը հեշտացել է։ Հետաքրքիր է, որ ամեն քայլը տանում է հաջորդ քայլին։ Խուզարկուն, առաջին քայլն անելով, տեսնում է երկրորդ ու հետագա քայլերը, եթե առաջին քայլը ճիշտ է արված, իհարկե»։

Բիզնեսում հաջողելու համար ևս դիմել մասնավոր խուզարկուի աջակցությանը

Աշխարհում խուզարկուին դիմում են ոչ միայն անհատները՝ գտնելու համար հարազատներին, կորուստը և այլն։ Ընդունված պրակտիկա է՝ բիզնեսը հնարավոր համբավի ռիսկերից և  կորուստներից զերծ պահելու համար դիմում է խուզարկուի՝  պարզելու  պոտենցիալ գործընկերոջ, բիզնեսի մասին փաստեր ու մանրամասներ, որոնք կարող են հետագայում ճակատագրական դառնալ պոտենցիալ ներդրողի, գործարարի ու բիզնեսի համար։ Այս հարցում ևս «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրո»-ն փորձառություն ունի։         
                
Լսել ու մոռանալ․ անձնական գաղտնիությունը կարևոր է

Իրավապահ մարմիններին ոչ բոլորն են դիմում՝  որոշում կայացնելով հօգուտ  գաղտնիության։ Արդյունքում, դիմում են խուզարկուներին, որը «լսում է և մոռանում»։ Կա «դետեկտիվ գաղտնիք» հասկացությունը, որը  և երաշխավորում է գաղտնիությունը՝ եզրափակում է խուզարկուն։

Նմանատիպ նյութեր