211652_close_icon
views-count853 դիտում article-date 18:37 02-11-2024

Հայաստան կժամանի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովին։ Հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Որպես երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մանկական աշխատանքի վերացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ՝ Քայլաշ Սաթյարթին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է։

Իր կազմակերպության միջոցով Քայլաշ Սաթյարթին մանկական աշխատանքից, ստրկությունից, թրաֆիքինգի և շահագործման այլ ձևերից ազատել է ավելի քան 100 հազար երեխայի․ մշակել է հաջողված ձևաչափեր՝ նրանց կրթության, վերականգնման և վերաինտեգրման նպատակով:

Վերջինիս կողմից կազմակերպված հանրային արշավները, իրականացվող ծրագրերը վերափոխել ու վերափոխում են հազարավոր երեխաների կյանքեր՝ նրանց վերադարձնելով դպրոց և օգնելով զարգացնել իրենց հմտությունները:

Սաթյարթին ղեկավարել է Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը՝ 103 երկրներում։ Սա եղել է շահագործվող երեխաների անունից երբևէ իրականացված ամենամեծ սոցիալական շարժումներից մեկը, ինչի արդյունքում ընդունվել է ԱՄԿ 182-րդ կոնվենցիան՝ երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի մասին, որը դարձել է միակ համընդհանուր վավերացված կոնվենցիան ԱՄԿ պատմության մեջ։

Նմանատիպ նյութեր