211652_close_icon
views-count2011 դիտում article-date 22:37 23-11-2024

ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը

Ժամեր առաջ մի տեղեկություն տարածվեց համացանցում և շատ արագ ֆեյսբուքյան հնարավոր էջերից հեռացվեց: Իսկ տեղեկությունը հետևյալի մասին էր. «Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի հայրենագիտության դասարանն այսուհետ կրելու է գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի անունը»։

Զավեշտը, գուցե` ողբերգությունը, այն է, որ գեներալ Գրիգորյանն անձամբ ներկա է եղել Վահրամաբերդի դպրոցի հայրենագիտության նոր դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը, և անձամբ էլ բացել է իր անունը կրող դասասենյակը:

Այս հույժ կարևոր միջոցառմանը մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

«Հայրենիքի նկատմամբ սերն ու անդավաճան նվիրվածությունն առաջնային պետք է լինի բոլորիս համար, մենք պետք է անենք հնարավորը` մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու, հող հայրենիի հանդեպ նվիրում սերմանելու համար։ Այս դասասենյակի բացումն ինքնին այդ քայլերից մեկն է, քանզի մեր դպրոցականներն ավելին կիմանան իրենց հայրենասեր հայրենակցի, կենդանի հերոսի մասին, ում կարող են ընդօրինակել, ումից կարող են սովորել ու գնալ նրա ճանապարհով»,- նշել է Շիրակի մարզպետը` նոր ձեռքբերումներ, խաղաղ երկրում աշխատելու և հայկական բանակը զարգացնելու հնարավորություն մաղթելով միջոցառմանը ներկա Սմբատ Գրիգորյանին։

Իսկ պաշտոնյա գեներալը, առանց ավելորդ համեստության, շնորհակալություն է հայտնել մաղթանքների ու նման նախաձեռնության համար` ընդգծելով, որ նման վերաբերմունքն առավել պարտավորեցնում է:

Նշենք, որ գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանն այժմ զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմակերպչական զորահավաքային վարչության պետի պաշտոնը, մինչ այդ եղել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։

Հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը հորդորել է «չսրբագործել բանակը», հիմա գեներալ Գրիգորյանը կա՛մ անտեսում է գերագույն հրամանատարի հրաման-հորդորը, կա՛մ չի կարծում, որ բանակն ինքն է, թեպետ Սմբատ Գրիգորյանն աչքի չի ընկել ավելորդ համեստությամբ. գուցե առաջի՞ն դեպքն է, թեպետ այս դեպքում էլ կասկածներ կան, այնպես չէ, որ կատարող տեսակ չէ: Թե ո՞րն է ճիշտ այս «վարկածներից», գեներալը կիմանա, մենք պարզապես փաստն ենք արձանագրում:

Նշենք, որ Սմբատ Գրիգորյանը գեներալի կոչում է ստացել 2021 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Անկախության օրվա առթիվ, այսինքն՝ պատերազմից հետո:

Նմանատիպ նյութեր