211652_close_icon
views-count1353 դիտում article-date 18:27 06-11-2015

Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին մասնակցել է հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ պետերբուրգցիներ: Մինչ հուշարձանի բացումը նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ողջույնի իր խոսքում, կարևորելով հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նկատել է, որ Սանկտ Պետերբուրգում հուշարձանի կանգնեցումը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ևս մեկ վկայությունն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, թե հայերի համար ինչ դեր ու նշանակություն ունի Կոմիտաս վարդապետի անձը: «Ամենևին էլ պատահական չէ, որ Կոմիտաս վարդապետի հուշարձանը կանգնեցվում է հենց Վասիլեօստրովսկի վարչական շրջանում, քանի որ հենց այս շրջանում են ի սկզբանե բնակություն հաստատել ու այսօր էլ մեծ թվով հայեր են ապրում: Մշակութային կենտրոն համարվող Սանկտ Պետերբուրգում աշխարհահռչակ երգահանի հուշարձանի տեղադրումը նաև օրինաչափ է: Կոմիտասը հայ ժողովրդի հանճարեղ զավակն է՝ մարդ, ով աշխարհի բազմաթիվ երկրներում քարոզել և փառքով է պսակել հայկական երաժշտությունը: Նրա մշակույթը գերել էր աշխարհի շատ ու շատ երաժիշտների»,- նշել է Գեորգի Պոլտավչենկոն: Ողջույնի իր խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն իր հերթին նախ շնորհակալություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի կառավարությանը՝ մեծն Կոմիտասի հուշարձանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կանգնեցնելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամության համար՝ նկատելով, որ այն իրոք երկու ժողովուրդների բարեկամության ևս մեկ լավագույն խորհրդանշումն է: «Պարոն նահանգապետի դիտարկումն իսկապես տեղին է, Կոմիտասը համաշխարհային մեծություն է, և նրա արվեստը սահմաններ չի ճանաչում: Սա երկու ժողովուրդների դարավոր ու եղբայրական բարեկամության ևս մեկ վկայությունն է, որն այսօր էլ ամուր հիմքերի վրա է», - նշել է Օլեգ Եսայանը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ով ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, առանձնակի շնորհակալություն է հայտնել երկու քաղաքների բոլոր այն պատասխանատուներին, որոնց ջանքերով կյանքի է կոչվել հուշարձանի ստեղծման ու այն ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կանգնեցնելու գաղափարը: «Եվ հատկանշական է, որ Հայաստանը խորհրդանշող Մեծ հանճարին նվիրված հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում: Այն երախտիք է կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, խմբավար, երգիչ, մանկավարժ, հրապարակախոս, բանաստեղծ, հայ դասական երաժշտության, ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին, ում անձը հայ ժողովուրդը նույնականացանում է հայոց այբուբենը ստեղծած Սբ Մաշտոցի հետ՝ երաժշտության ասպարեզում: Մեծն Կոմիտասի արժևորմանը միտված բազմաթիվ հոգևոր ու նյութական արժեքներ են ստեղծվել աշխարհում՝ գիտական, երաժշտական միջավայրում, հատկապես աշխարհի հայաշունչ հատվածներում: Աշխարհի տարբեր երկրներում տեղադրված նրա արձաններն ու կիսանդրիները վկայում են, որ Կոմիտասը միայն հայկական արժեք չէ: Նա համաշխարհային է, միջազգային ու համամարդկային: Ու կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս գողտրիկ պուրակում, մասնագիտական խոր նրբազգացությամբ կերտված Կոմիտաս վարդապետի այս հուշարձանով մշակութային այնպիսի հարուստ քաղաքը, ինչպիսին Սանկտ Պետերբուրգն է, այսօր հարստացավ ևս մեկ արժեքավոր ստեղծագործությամբ՝ առավել ջերմացնելով և սերունդներին փոխանցելով հայ և ռուս ժողովուրդների անխախտ բարեկամությունը», - նշել է Տիգրան Բարսեղյանը: Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության շրջանակում կանգնեցված հուշարձանի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, որն ուղեկցվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կենդանի նվագակցությամբ: Այնուհետ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների սպասավորները համատեղ կատարել են Կոմիտաս վարդապետի հուշարձանի օրհնության կարգ:Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին: Կոմիտաս վարդապետի 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:

Նմանատիպ նյութեր