211652_close_icon
views-count12823 դիտում article-date 11:45 04-09-2020

Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը. նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ

Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի սիրելի՛ աշխատակիցներ. գեներալնե՛ր, սպանե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք փրկարարներ, հարգարժա՛ն վետերաններ, հարգելի՛ հայրենակիցներ, հայտնի պատճառներով այս տարի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի մասնագիտական տոնը նշում ենք արտակարգ դրության պայմաններում: Ինչպես բազմիցս եմ նշել` Սեպտեմբերի 4-ը մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է: Ամենամարդասիրական, քանզի չնայած համազգեստ կրելուն և զինվորական կարգով ծառայությանը՝ փրկարարը իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը կյանքեր է փրկում: Փրկարարը կոչում է, որի մեջ ամփոփված է ուժն ու բարությունը, փրկարարի սերն ու հոգատարությունը մեր ժողովրդի ու պետության նկատմամբ: Սիրելի՛ հայրենակիցներ, նախարարության ստեղծման պահից առ այսօր, իրոք, քիչ բան չի արվել համակարգի համար: Մեզ հաջողվել է հետևողական և նվիրված աշխատանքի արդյունքում զրոյական կետից ստեղծել մի կառույց, որն ունակ է օգնություն ցուցաբերել ոչ միայն մեզ, այլ նաև վտանգի ու դժբախտության մեջ գտնվող բարեկամ ժողովուրդներին: Մեր փրկարարները իրենց հմտություններով և փորձով չեն զիջում առաջադեմ պետությունների փրկարարներին: Ասածս, իհարկե, չի նշանակում, որ անելիքներ այլևս չկան և հարկավոր է բավարարվել ունեցածով: Արտակարգ իրավիճակների համակարգը կենդանի օրգանիզմ է և պարտավոր է քայլել օրեցօր փոփոխվող ու գնալով բարդացող աշխարհին զուգահեռ: Տարեցտարի փոփոխվում է համակարգի մարտահրավերների որակն ու դրանց աշխարհագրությունը: Տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ մեծանում է նաև աղետների ռիսկը, ինչը պետություններին, միջազգային հանրությանը, փրկարարական մեծ ընտանիքին՝ բոլորին պարտադրում է համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ էլ ավելի զգոն լինել, ջանքեր ներդնել աղետակայուն պետություններ և աղետներին դիմակայելու պատրաստված ժողովուրդ ունենալու համար: Աղետների հետևանքներ վերացնելը պետությունների և ժողովուրդների համար մի քանի տասնյակ անգամ ավելի թանկ հաճույք է, քան դրանց կանխարգելումը: Աշխարհն այս ճանապարհով առաջ է շարժվում, և դա է պատճառը, որ առաջադեմ պետությունները գերադասում են հնարավորինս շատ և նպատակային ներդրումներ կատարել կարևորագույն այս ոլորտում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ՝ մենք ևս առաջադեմ երկրների ճանապարհով ենք գնում: Արևշատություն և հաջողություններ եմ մաղթում Ձեզ և ձեր ընտանիքներին: Ձեզանից յուրաքանչյուրը՝ հատկապես այս ծանր ամիսներին բարձր է պահում և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի, և՛ փրկարարի պատիվն ու արժանապատվությունը, ինչը, անշուշտ, գնահատվում է ձեր անմիջական ղեկավարության, և, որ ամենապատվաբերն է՝ մեր ժողովրդի կողմից: Շնորհակալ եմ Ձեր ծառայության համար: Խիղճ և խաղաղություն բոլորիս»:

Նմանատիպ նյութեր