211652_close_icon
views-count1542 դիտում article-date 10:30 22-12-2021

Ինչու են փոխում սահմանադրությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվի  Հայաստանի Հանրապետություն նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպիտի հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», – 2014 թվականի ապրիլի 14-ին ասել է Հայաստանի երրորդ նախագահը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ:

Ես սա մեջբերում եմ ոչ թե դրան հետեւած իրադարձությունները եւս մեկ անգամ հիշելու համար՝ չնայած, եթե երկրի առաջին դեմքը ինչ-որ բան «պաշտոնապես հայտարարում է», ապա աշխարհն էլ շուռ գա, պետք է գործի իր հայտարարածին համապատասխան:

Բայց ես այս ելույթը հիշում եմ այն պատճառով, որ հիմա էլ է նախաձեռնվում սահմանադրական փոփոխությունների գործընթաց, որի նպատակներն ինձ համար ակնհայտ են: Այս իշխանությունը կարող է եւ չձգել մինչեւ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները՝ արտահերթ ընտրություններն ամենեւին չեն բացառվում:  Նախ՝ պարզ է, որ ո՛չ սոցիալ- տնտեսական, ո՛չ անվտանգության առումով Հայաստանին պայծառ հեռանկարներ չեն սպասվում: Դրան կգումարվի այն հանգամանքը, որ մոտակա 1-2 տարում կարկառուն ՔՊ-ականները կարգին «կթռփոշանան», կամ, իրավաբանական լեզվով ասած, «ապօրինի կհարստանան» (գործընթացն արդեն սկսվել է) եւ շարքային քաղաքացիների համար կդառնան ճիշտ նույնպիսի կերպարներ, որպիսիք էին կարկառուն ՀՀԿ-ականները:

Փաշինյանի անձնական վարկանիշն այդ ընթացքում եւս դժվար թե բարձրանա, բայց բոլոր դեպքերում իր հավատարիմ ընտրազանգվածի համար նա մնա որպես հերոս, որն իրենց ազատագրել է «ղարաբաղցիներից»: Որպես ՔՊ ցուցակի առաջին համար նրան ավելի դժվար կլինի վերարտադրվել, քան որպես նախագահի թեկնածու, որին աջակցում է «կուսակցությունների լայն կոալիցիա» (չտամ այդ կուսակցությունների անունները՝ դրանք հայտնի են): Այդպիսով, ռիսկերը նվազեցնելու նպատակով, իմաստ ունի մյուս տարի փոխել սահմանադրությունը, վերադառնալ նախագահական համակարգին, իսկ  հետո 5 տարով ընտրվել ՀՀ նախագահ:

Ինչ մնում է սահմանադրական փոփոխությունների պաշտոնական հիմնավորումներին, ապա դրանք կլինեն մոտավորապես նույնը, որոնք հնչել են 2014 թվականին՝ ժողովրդավարության խորացում, ընդլայնում, տարածում եւ այլն: Եթե իշխանությանն իսկապես հուզեր ժողովրդավարությունը, ապա այն չէր հետապնդի իրեն ոչ հավատարիմ դատավորներին, մեկը մյուսի հետեւից չէր ընդունի խոսքի ազատությունը սահմանափակող օրենքներ, չէր ազատազրկի համայնքապետերին:

Իսկ որ մյուս տարի քաղաքացիների մեծամասնությունը կողմ կլինի սահմանադրական փոփոխություններին՝ դրանում ոչ մի կասկած չունեմ: Նրանց կասեն՝ «եթե չեք ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա, պետք է «այո» ասեք փոփոխություններին», եւ դրանով հարցը կլուծվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր