211652_close_icon
views-count1288 դիտում article-date 17:26 09-03-2023

Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով. Կլաարը տարածաշրջանում խաղաղության կոչ է արել

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է, որ բռնությանն արդարացում չկա և որ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով:

«Մեծապես անհանգստացած եմ վերջին մահացու բախումներով և կրակոցների մասին նոր հաղորդումներով: Բռնությանն արդարացում չկա, բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով: Տարածաշրջանը բավականաչափ տուժել է մարտերից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու տևական, արդար խաղաղության համար», - գրել է Կլաարը, որն օրերս այցելել է Ադրբեջան:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 8-ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Բերձորի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Դա հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր