211652_close_icon
views-count96107 դիտում article-date 22:02 09-11-2024

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գետք գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու բեռնատար «ԿամԱԶ»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են․ ժամանել է քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Գետք գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 4 հոգի, որոնցից 3-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, երեխաներն էլ՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները ապա՝ փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Հարութ Ղազարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, վարչության պետի տեղակալներ Արայիկ Դարբինյանի, Հովհաննես Պողոսյանի և Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վահրամ Ոսկանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` երեխաներին տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 106+
106+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր