211652_close_icon

Գողության դեպք՝ Երևանում․ Մուշական թաղամասում քանդել են խանութի պատը, մուտք գործել և փորձել թալանել «Իզի Փեյ» տերմինալը, սակայն բնակիչները կարողացել են բռնել կասկածյալներին ու հանձնել ոստիկաններին

views-count26289 դիտում article-date 16:00 26-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մուշական 1-ին փողոցի թիվ 2 հասցեում գտնվող խանութի դիմաց բնակիչները գողություն կատարող անձանց են բռնել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ նույն օրը՝ ժամը 04։25-ի սահմաններում, Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Մ․-ն 37-ամյա Լևոն Ա․-ի կողմից վարվող «Nissan» մակնիշի տաքսի ավտոմեքենայով գնացել է Մուշական 1-ին փողոցի 2 հասցե հանդիպել է Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Ս․-ին և վերջինիս հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել են Մուշական 1-ին փողոցի 2 հասցեում գործող խանութի հետևի հատվածի պատը, մուտք են գործել խանութի տարածք, մետաղյա լինքով վնասել և փորձել են բացել խանութի սրահում գտնվող «Իզի Փեյ» վճարահաշվարկային տերմինալի դուռը և այնտեղից փորձել են գողություն կատարել, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի ու թաքնվել խանութի հետնամասում գտնվող եղեգների մեջ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Մուշական 1-ին փողոցի 2 հասցեի մոտից գողություն կատարելու համար բաժին են տեղափոխել Արտյոմ Մ․-ին, Նարեկ Ս․-ին, իսկ տաքսու վարորդ Լևոն Ա․-ին հրավիրել են:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արտյոմ Մ․-ի, Նարեկ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր