211652_close_icon
views-count2198 դիտում article-date 22:03 10-02-2014

Հիվանդի առողջությու՞նը, թ՞ե բժշկի գրպանն ու փառամոլությունը

Այն, որ Հայաստանում քիչ թե շատ անուն վաստակած բժիշկներն իրենց բժշկական ծառայությունը մատուցում են աստղաբաշխական թվերի հասնող գներով, դա դեռ մի կողմ, այն, որ որոշ բժիշկների մոտ այնքան հերթ է, որ պետք է սպասել ամիսներ և դիմանալ բուժքրոջ բռի կեցվածքին, որովհետև կարող է հերթը միտումնավոր երկարացնել, սա էլ նորություն չէ, բայց կա մեկ այլ կարևոր հարց, որը գաղտնիքի մակարդակի է բարձրանում: Ապահովագրական ընկերություններից, գոնե մեզ հայտնիները, իրենց ստանձնած պարտականությունները կատարում են, կարելի է ասել, բարեխղճորեն և հստակ: Բայց կան անվանի բժիշկներ (հասկանալի պատճառով դեռևս բժշկի անունը չի հրապարակվում), ովքեր ուղղակի հրաժարվում են լրացնել մի քանի տող, ինչը պետք է ներկայացվի ապահովագրական ընկերությանը, որն էլ կվճարի բուժման ծախսերը: Եթե բժիշկը չի լրացնում փաստաթուղթը, ապա առավել քան տրամաբանական է, որ ապահովագրական ընկերությունն առանց որևէ մեղքի բաժնի ոչ մի լումա չփոխանցի… Բժիշկն ունի մի քանի «դյուժին» օգնական ու տեղակալ, ովքեր կարող են իրենց սիրելի բժշկի փոխարեն կատարել այդ «տաժանակիր» աշխատանքը` լրացնել փաստաթուղթը, իսկ «բարի բժիշկը» միայն իր «սրբազան» ստորագրությունը դնելու ծանրությունը քաշի, սակայն սա էլ չի արվում: Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Մեր մտքով անցնում է հնարավոր երկու պատասխան. մեկը վերաբերում է զգացմունքային ոլորտին և հոգևոր է, մյուսը վերաբերում է գրպանին և նյութական է: Առաջինի դեպքում գուցե բժիշկը, ով իրեն համարում է փրկիչ, վիրավորվում է, որ մարդիկ չեն ուզում այս արեգակի ներքո մնալու համար տալ իրենց ողջ ունեցվածքը` թերագնահատելով իր աստվածային ծառայությունը, ինչպես, օրինակ, սիեննացի Դուչե անվանյալ հանճարեղ նկարիչը հրաժարվում էր հարկեր մուծելուց. ոչ թե որովհետև փողի խնդիր ուներ, այլ դրանում նա տեսնում էր անարգանքի երանգ դեպի իր արվեստը: Իսկ մեր բժիշկների (ի միջի այլոց, և ո՛չ միայն բժիշկների) սնափառությունը իր հավասարը չի ճանաչում, և դա հայտնի է բոլորին: Մյուս պատասխանն արդեն զուտ հայկական իրականությանը համապատասխանող իրողություն է. եթե բուժման գումարը «քեշ» տրվում է բժշկին, ապա բժիշկն ինքն է որոշում, թե որքան գումար մուծի հիվանդանոցի ընդհանուր ֆոնդին, որքանը ներկայացնի հարկային, և վերջապես, որքանը գրպանի: Եվ բնավ պատահական չէ, որ արդեն թևավոր խոսք է դարձել «ավելի լավ է ոստիկանի ձեռքն ընկնել, քան` բժշկի»: Այսքանից հետո էլ նախատական տոնով դիմում են ազգաբնակչությանը, որ վերջիններս թողնում են «դանակը հասնի ոսկորին», հետո նոր դիմում բժշկի: Վերջում, հարկ է ավելացնել, որ միայն նենգ մարդիկ չեն, որ կրում են Հիպոկրատեսի աշակերտի պատվանունը. կան հիանալի մասնագետներ, որոնց բարոյական նկարագիրը նույնքան բարձր է, որքան բժշկական պատրաստվածությունը: Նրանց գիտեն շատ-շատերը, որովհետև «ծառը ճանաչվում է իր պտուղներից»: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր