211652_close_icon
views-count2708 դիտում article-date 16:27 20-12-2016

«Ջրային նախաձեռնություն +» ծրագիրը կարող է միջազգային համագործակցության լուրջ հարթակ դառնալ

ԵՄ Արևելյան գործընկերության երկրների համար նախատեսված «Ջրային նախաձեռնություն +» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին և կտևի մինչև 2020 թվական: Ծրագրի ընդհանուր բյուջեն 24.8 մլն եվրո է: Այն նախատեսված է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի համար: Հիմնական նպատակը այս երկրներում ջրային ռեսուրսների կառավարման բարելավումն է և ջրային ոլորտում ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացումը: ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում ծրագրի մանրամասները ներկայացրել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) ներկայացուցիչ Փեփ Մարդիստեն՝ նշելով, որ Հայաստանում ծրագրի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը խոստումնալից է. «Այս ծրագիրը նախատեսված է առաջիկա 4 տարիների համար, և այն նախաձեռնողականությունը, որի ականատեսը եղանք Երևանում՝ շահառու կառույցների կողմից, հուսադրող և խոստումնալից է: Ջրային տնտեսության պետական կոմիտեն ևս այս ծրագրի հիմնական շահառուներից մեկն է, այդ պատճառով էլ մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն Կոմիտեի ներկայացրած առաջնահերթությունները: Այս հանդիպումը մեզ հույս է ներշնչում, որ սա կարող է դառնալ միջազգային համագործակցության լուրջ հարթակ»,- ասել է UNECE ներկայացուցիչը: ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտում առկա հիմնական խնդիրները և նշել, որ Կոմիտեի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից են ջրի հաշվառման հարցը և ջրի որակի գնահատման լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի թարմացումը: «Ջրային նախաձեռնություն +» ծրագրի պատասխանատուներն արձանագրել են, որ վերը նշված խնդիրներն ամբողջությամբ համապատասխանում են իրականացվող ծրագրի տրամաբանությանը, և շեշտել, որ ծրագրով նախատեսված դրամաշնորհները մասնակից երկրների միջև բաժանվելու են ոչ թե հավասարապես, այլ՝ ըստ կարիքների և ներկայացված ծրագրերի:

Նմանատիպ նյութեր